2027թ․–ից Հայաստանում կարգելվի պլաստիկե արտադրանքի վաճառքը

2027թ․-ի հունվարի 1–ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը


ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը։


Գերատեսչությունից հայտնում են, որ ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

• պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,


• պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝ տարաներ, ափսեներ, բաժակներ, բաժակի կափարիչներ, գդալներ, պատառաքաղներ,դանակներ, ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

Օրենքով բացառություն է սահմանվել՝


• կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

• երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

• ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

«Տեսչական մարմինը հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարելի է ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով։

Leave a comment