Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործը մակագրվել է դատավոր Ռուշանյանին (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։

Այս պահին Արմավիրի մարզի դատարանում քրեական մասնագիտացմամբ երկու դատավոր է գործում՝ Սերժ Ռուշանյանը և Արման Բաբախանյանը։ Մյուս դատավորներն արձակուրդում են, ինչի պատճառով նրանց անունները հանված են եղել գործերի բաշխման ցանկից, գրում է Factor.am-ը:

Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց:

Կաթողիկոսին և եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել դատական ակտը չկատարելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս գործընթացները գնահատել է որպես պետության միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց եպիսկոպոսների՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Հոգևորականների նկատմամբ սահմանվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Մասնավորապես՝ Սարոյանը դատարանում վիճարկել է իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը։ Նա միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ խնդրելով մինչև վերջնական դատական ակտի կայացումը վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Հոգևորականը, սակայն, պաշտոնում չի վերականգնվել և հետագայում կարգալույծ է հռչակվել։ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ է նշանակվել մեկ այլ հոգևորական։ Գործով առաջադրված մեղադրանքը կառուցվել է հենց այս միջադեպի շուրջ։

Leave a comment