«ՔՊ-ի կողմից բազմաթիվ չարաշահումներ ու բարեգործության արգելքի սկզբունքի խախտումներ ենք արձանագրել․ մարդկանց խոստումներ են տվել»․ Գոհար Մելոյան

«Ինչպես միշտ՝ ընտրախախտումները երկու բնույթի են՝ մինչև ընտրություն տեղի ունեցող խախտումներ և բուն քվեարկության օրվա խախտումներ։ Մասնավորապես, կոնկրետ ուժի կողմից բազմաթիվ չարաշահումներ ու բարեգործության արգելքի սկզբունքի խախտումներ ենք արձանագրել, բնականաբար, իշխանական լծակների օգտագործմամբ մարդկանց խոստումներ են տրվել։ Դա ակնհայտորեն ընտրողի կամքի վրա ներազդելու միջոց է»,- լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին։ 

Նա նշեց՝ ինչպես համապետական ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա ՔՊ-ական հանձնաժողովի անդամները կրկին ակտիվ քարոզչության մեջ են ներգրավված։ Նա նշեց, որ դիմում են ներկայացրել ԿԸՀ, սա հիմք է հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու։

Գոհար Մելոյանը ներկայացրեց նաև, թե ինչ ընտրախախտումներ են արձանագրել այսօր Սպիտակում։

«Համապետական ընտրություններից հետո ՏԻՄ ընտրություններին այս ակտիվ մասնակցության պատճառներից մեկն էլ հենց տարեց մարդկանց ուղեկցումն է ընտրատեղամասեր։ Ոչ միայն ուղեկցում, այլ նաև տարեց մարդկանց օգնողի ինստիտուտի շահարկում է տեղի ունենում։ Ակնհայտ չկա կարիք, որ մարդու հետ ևս մեկ անձ մտնի քվեախցիկ, բայց մտնում են։ Սա հակաիրավական տարրեր ունի, ինչը մենք բացահայտել ենք»,- ասաց նա։

Մելոյանն ասաց, որ մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքի դեպքեր կան նաև․  «Արդեն չորրորդ ահազանգն է, որ մարդկանց ասում են՝ մենք գիտենք, որ դու ընդդիմադիր հայացքներ ունես, ընդամենը մի գնա ընտրության։ Եթե գնաս ընտրության, քո համար հետևանքներ կլինեն»։

Մանրամասները՝ 

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment