Շիրակի մարզային քննչական վարչությունը սկսել է ուսումնասիրել հուլիսի 28-ին «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում հայտնված մի ձայնագրություն՝ «Հուսամ օրենքն անտարբեր չի մնա» կից գրառմամբ, որտեղ անդադար լսվում է փոքրիկ երեխայի լացի ձայն։
Հրապարակման տակ նշված է նաև Գյումրու մանկապարտեզի անվանումը, ինչպես նաև դաստիարակի անուն-ազգանունը (այս պահին չենք նշի մանկապարտեզի անվանումը, ինչպես նաև դաստիարակի անուն-ազգանունը՝ հարգելով անմեղության կանխավարկածը և ելնելով նախաքննության շահերից)։ Ի դեպ, երեխայի ծնողն էլ հրաժարվել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
Ինչևէ, Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը, ուսումնասիրելով համացանցը, տեսել է այդ տեսանյութը, ստուգումներ կատարել ու պարզել է, որ այն՝ համապատասխան գրառմամբ, «Տիկ-Տոկ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է Գյումրու բնակչուհիներից մեկը։ Ոստիկանությունը պարզել է նաև, որ նա ձայնագրությունը կատարել է մանկապարտեզում՝ դռան հետևից՝ ցույց տալով, թե ինչպես է դաստիարակը գոռգոռում, վատ վերաբերմունք ցույց տալիս իր 4-ամյա որդուն։
Մայրը հրաժարվել է բողոք ներկայացնել ոստիկանություն։
Այդուհանդերձ, ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: