Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ կառուցակարգել է, թե ինչ պետք է անեն այս փուլում: «Դատավարության կողմերը ներկայացնում են այն ապացույցները, որոնք վերդիկտ կայացնելու համար որևէ էական նշանակություն ունեն, այսինքն՝ մեղադրանքի հետ կապված որևէ էական հանգամանք կամ հերքում են, կամ հաստատում: Վերդիկտը յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ դատարանի առանձին գրավոր դիրքորոշումն է՝ մեղավորության կամ անմեղության մասին»,- ասաց փաստաբանը:
Ապա, անդրադառնալով Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով:
Հղում անելով Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածին՝ նա նշեց, որ այն վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելուն կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն կամ այնպիսի արարք կատարելուն, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
«Հիմա պարզ չէ՝ չկատարելու՞ համար են մեղադրում Յուրի Խաչատուրովին, թե մի բան ավել կատարելու համար… Չենք հասկանում՝ մեղադրանքը պաշտոնատար անձի լիազորությունների գերազանցո՞ւմն է, չարաշահո՞ւմն է: Յուրի Խաչատուրո՞վն է հակասահմանադրական օգտագործել, մեղադրանքում նման ձևակերպում չկա»,- տարակուսանք հայտնեց Յուրի Խաչատուրովի պաշտպանը:
«Պարոն Հովհաննիսյանը չնշեց՝ ի՞նչն է հիմնավորում Յուրի Խաչատուրովի կատարածը կամ չկատարածը, գործողությամբ կամ անգործությամբ պետք է լինի, մենք պետք է ապացույցներ հետազոտենք… Օրինակ՝ քիչ առաջ առաջարկվեց հետազոտել Սեյրան Օհանյանի հարցազրույցը, կարո՞ղ է պարոն Հովհաննիսյանը ներկայացնել, թե այդ հարցազրույցն ինչ կապ ունի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ վերդիկտ կայացնելու հետ»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: