2029-ից ապահովագրական փաթեթից կօգտվեն միայն կանխարգելիչ զննում անցածները. ո՞ր տարիքում է ձեր զննումը

 

2029 թվականին առողջության ապահովագրական փաթեթից օգտվելու իրավունք կունենան միայն այն ապահովագրված անձինք, ովքեր 2026-2028 թվականներին անցել են կանխարգելիչ զննում կամ հերթագրվել են դրա համար։ Մեծահասակների համար զննումը նախատեսված է 18-ից 74 տարեկան զույգ տարիքներում։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջը սահմանված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով, իսկ զննումների ցանկն ու տարիքները՝ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման 5-րդ հավելվածով։

Ի՞նչ է սահմանում օրենքը

46-րդ հոդվածի 7-րդ մասով 2026-2028 թվականների ընթացքում կանխարգելիչ ծառայություն ստացած կամ դրա համար հերթագրված ապահովագրված անձինք են միայն իրավունք ստանում 2029 թվականին օգտվելու ապահովագրական փաթեթից։

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով էլ ընդհանուր կանոն է սահմանված. ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը կանխարգելիչ ծառայություն ստանալն է կամ դրա համար հերթագրված լինելը։

Ո՞ր տարիքում է ձեր զննումը

N 1979-Ն որոշման 5-րդ հավելվածով 18 տարեկանից բարձր ապահովագրված անձանց համար նախատեսված են՝

կանխարգելիչ զննում՝ զարկերակային ճնշման չափում, մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում, կանանց կրծքագեղձի զննում և ինքնազննման ուսուցում, առողջ ապրելակերպի և առողջապահական հարցերով խորհրդատվություն՝ 18, 20, 22 և այդպես մինչև 74 տարեկանում, այսինքն՝ զույգ տարիքներում,

արյան մեջ գլյուկոզի որոշում՝ 35, 38, 41, 44, 47, 50, 53, 56, 59, 62, 65 և 68 տարեկանում,

HPV թեստկանանց համար՝ 30, 35, 40, 45, 50, 55 և 60 տարեկանում,

մամոգրաֆիականանց համար՝ 50-ից 70 տարեկան զույգ տարիքներում,

կոլոռեկտալ սքրինինգ(կղանքի իմունոքիմիական թեստ)՝ 50-ից 70 տարեկան զույգ տարիքներում։

Երեխաների համար նույն հավելվածով նախատեսված են առանձին հետազոտություններ և այցեր՝ ըստ տարիքի։

Քանի որ 2026, 2027 և 2028 թվականներին յուրաքանչյուր մարդ անցնում է իրար հաջորդող երեք տարիք, որոնցից առնվազն մեկը զույգ է, 2026 թվականից ապահովագրված 18-74 տարեկան յուրաքանչյուր անձ այս ժամանակահատվածում ունի առնվազն մեկ տարի, երբ իր կանխարգելիչ զննումը նախատեսված է։

Որտե՞ղ անցնել զննումը

Առողջապահության նախարարի N 40-Ն հրամանի 2-րդ հավելվածով կանխարգելիչ զննումն անցկացնում է առաջնային բուժօգնության բժիշկը (թերապևտ, ընտանեկան բժիշկ), որի մոտ գրանցված եք, պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն կատարած այցի ժամանակ։

Եթե դեռ բժիշկ չեք ընտրել, նույն հրամանի 1-ին հավելվածի 8-րդ կետով կարող եք ընտրել և գրանցվել առաջին իսկ այցի ժամանակ։

Տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցողների դեպքում զննումն իրականացվում է տնային այցի ժամանակ (2-րդ հավելված, 4-րդ կետ)։

Վճարո՞վի է զննումը

Ոչ։ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կանխարգելիչ ծառայությունները ներառված են ապահովագրական փաթեթում և ենթակա են հատուցման։

Իսկ շտապ բուժօգնությո՞ւնը

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով կանխարգելիչ ծառայություն ստանալը նախապայման չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2029 թվականին ապաովագրական փաթեթից կօգտվեն միայն այն ապահովագրվածները, ովքեր 2026-2028 թվականներին անցել են կանխարգելիչ զննում կամ հերթագրվել են դրա համար, 18-ից 74 տարեկանների համար զննումը նախատեսված է զույգ տարիքներում, այն անցկացնում է ձեր առաջնային բուժօգնության բժիշկը, տեղաշարժման դժվարություն ունեցողների դեպքում՝ տանը, ծառայությունը ներառված է ապահովագրական փաթեթում, իսկ շտապ բուժօգնության համար զննումը նախապայման չէ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a comment