ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլների գները 2026 թվականին ցուցաբերում են շուկայի համար ոչ բնորոշ աճ՝ հակառակ երկրորդային շուկայում դրանց սովորական արժեզրկման միտման: Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Recurrent ընկերության փորձագետների տվյալներով՝ հունվարից մինչև հուլիսի կեսերը նման ավտոմեքենաների արժեքն աճել է 7%-ով՝ չնայած առաջարկի ռեկորդային ծավալին, որը պայմանավորված է լիզինգից վերադարձված ավելի քան 500 հազար մեքենաներով։
Այս միտումը հաստատում են նաև Edmunds-ի վերլուծաբանները՝ նշելով, որ երեք տարվա հնության էլեկտրամոբիլների գներն առաջին կիսամյակում աճել են 6%-ով, իսկ դրանց միջին արժեքը հասել է 33 303 դոլարի։
Cox Automotive-ի տվյալներով՝ գների աճ է գրանցվել 25 ամենավաճառվող մոդելներից 21-ի դեպքում։
Փորձագետները բարձր պահանջարկը կապում են ԱՄՆ-ում բենզինի գների աճի հետ, որոնք հասել են մեկ գալոնի համար 4.10 դոլարի, ինչպես նաև ընդհանուր գնաճի ազդեցության հետ, որը սպառողներին ստիպում է ավելի մատչելի տարբերակներ փնտրել։
Ամենամեծ գնաճը՝ 9.4%, արձանագրվել է մինչև 20 հազար դոլար արժողությամբ բյուջետային սեգմենտում, մինչդեռ 40 հազար դոլարից թանկ պրեմիում դասի մոդելները փոքր-ինչ էժանացել են։
«Շուկայի ներկայիս դինամիկան օգտագործված էլեկտրամոբիլները դարձնում է իսկապես շահավետ ընտրություն սպառողների համար», – նշել են Cox Automotive-ում։
Պատմականորեն էլեկտրամոբիլները հայտնի էին նրանով, որ ավտոսրահից դուրս գալուց անմիջապես հետո արագ կորցնում էին իրենց արժեքը։
Գների ներկայիս աճը շուկայի համար անակնկալ է դարձել, հատկապես 2025 թվականի աշնանը դաշնային հարկային արտոնությունների վերացումից հետո, որոնք նախկինում ավելի շահավետ էին դարձնում նման մեքենաների գնումը։
Օգտագործված ավտոմեքենաների նման կայուն թանկացում վերջին անգամ դիտվել էր COVID-19 համավարակի տարիներին, երբ ավտոարդյունաբերությունը բախվել էր նոր մեքենաների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների սուր պակասի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։