Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արագածոտնի թեմի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում մեծ շուքով և հոգևոր ուրախությամբ նշվեց Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության տոնը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի առիթով Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում համախմբվել էին համայնքի հավատավոր բնակիչները, շրջակա բնակավայրերից ժամանած ուխտավորներ և Արագածոտնի թեմի հոգևորականներ՝ միասնական աղոթքով և Սուրբ Գևորգ զորավարի բարեխոսությունը հայցելու նվիրական փափագով։
Տոնի հանդիսություններին, ցավոք, ներկա չէր Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Վերջինիս նկատմամբ իշխանություների կողմից կիրառվում է ապօրինի վարչական սահմանափակումները( Սրբազան Հորն արգելված է այցելել Թեմի առաջնորդարան, թեմապատկան եկեղեցիներ և հանդիպել թեմի քահանայից դասին), որը խոչընդոտում է թեմի բնականոն հոգևոր կյանքի կազմակերպմանը։
Այդուհանդերձ, առաջնորդի բացակայությունը չխաթարեց օրվա հոգևոր խորհուրդն ու տոնական մթնոլորտը։ Թալինի հովվության արժանապատիվ հոգևոր սպասավոր Տեր Հայկ քահանա Սահակյանի ակտիվ և նվիրյալ կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Սուրբ Գևորգի տոնը Գառնահովիտում նշվեց պատշաճ հանդիսավորությամբ՝ արժանի լինելով թե՛ սրբավայրի ավանդությանը, թե՛ հավատավոր ժողովրդի ակնկալիքներին։
Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը՝ հավատացյալ ժողովրդին փոխանցելով Սուրբ Գևորգ զորավարի հավատքի, քաջության և քրիստոնեական նվիրվածության պատգամը։
Տոնական արարողությանը ներկա էին նաև Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու վաստակաշատ հոգևոր սպասավոր Տեր Մկրտիչ Երանյանը, Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, համայնքի բնակիչներ և Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ ուխտավորներ։
Սուրբ Գևորգ զորավարի տոնը Գառնահովիտում ևս մեկ անգամ դարձավ հավատքի, աղոթքի և եկեղեցական համախմբման գեղեցիկ առիթ։ Սրբի հիշատակության այս օրը հավատացյալները հայցեցին Սուրբ Գևորգի բարեխոսությունը՝ զորանալու հավատքի մեջ, հաստատուն մնալու քրիստոնեական արժեքների վրա և իրենց կյանքում վկայելու Քրիստոսի հանդեպ հավատարմությունը։
Թող Սուրբ Գևորգ զորավարի բարեխոսությամբ Տերը զորացնի մեր ժողովրդի հավատքը, պահպանի Հայոց Սուրբ Եկեղեցին, առաջնորդի մեր հոգևոր դասին և խաղաղություն ու օրհնություն պարգևի մեր հայրենիքին ու հավատավոր ժողովրդին։
Սուրբ Գևորգ զորավարի բարեխոսությունը թող հովանի լինի Գառնահովիտի հավատավոր ժողովրդին և Արագածոտնի թեմի ողջ հոգևոր ընտանիքին։