Կարևորվել է հաստատված խաղաղության առարկայական համագործակցությամբ ամրապնդումը

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Իր ելույթում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական զարգացումներին՝ ընդգծելով հաստատված խաղաղության առարկայական համագործակցությամբ ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական հնարավորությունների և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով։

Խաղաղության ամրապնդման գործում կրթության դերի համատեքստում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված՝ Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

Նոր և զարգացող տեխնոլոգիաների դերի համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի հանդիպման շրջանակներում 2025 թ. Հայաստանի նախաձեռնությամբ և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը։

Անդրադառնալով հակամարտություններից տուժած մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական ներդրմանը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է ընթացիկ տարվա մայիսին Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին (ALIPH) Հայաստանի անդամակցությունը:

Leave a comment