«Ազատություն» – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր «դե ֆակտո խաղաղություն» է հաստատված, իսկ Բաքուն միակողմանիորեն վերացրել է Հայաստանի հետ տարանցման սահմանափակումները։
«Այսօր մենք հասել ենք դե ֆակտո խաղաղության։ Ավելին՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցման սահմանափակումները՝ հեշտացնելով Հայաստան և Հայաստանից ապրանքների փոխադրումը։ Մենք նաև երկկողմ առևտուր ենք հաստատել», – ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին նաև «կանոնավոր կերպով» նավթամթերք է մատակարարում՝ չնայած միջազգային շուկաներում անկայունությանն ու պահանջարկի աճին։
Բայրամովը իր ելույթում 2025 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովը «պատմական» է որակել՝ հայտարարելով, որ դրանից հետո կողմերը հաստատել են հակամարտությունն ավարտելու և խաղաղ ապագա կառուցելու իրենց կամքը։
Բայրամովը խոսել է նաև TRIPP նախագծի մասին։ Նրա ձևակերպմամբ՝ ծրագիրը պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ բազմաձև հաղորդակցություն և նոր հնարավորություններ ստեղծի տարածաշրջանային առևտրի ու տնտեսական ինտեգրման համար։
Բայրամովը պնդել է, որ խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար պետք է վերացնել «մնացած խոչընդոտը», ինչը թույլ կտա ավարտին հասցնել կարգավորումը և ստորագրել արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Թե կոնկրետ որ խոչընդոտի մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի մանրամասնել։
Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է նաև անհետ կորածների և ականների խնդրին։ Նա պնդել է, որ հակամարտության հետևանքով շուրջ 4 հազար ադրբեջանցու ճակատագիր դեռ պարզ չէ, իսկ ականապատված տարածքները խոչընդոտում են վերականգնման և վերադարձի գործընթացին։
Այս հատվածում Ադրբեջանի արտգործնախարարը TRIPP-ը ներկայացրել է որպես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս։
Երևանը, մինչդեռ, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն անընդունելի է համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: