«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։
Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության» մասին, բայց նույն ելույթում առաջ է մղում Ադրբեջանի համար կարևոր պահանջներն ու ձևակերպումները՝ Հայաստանի տարածքով «անխոչընդոտ» կապ, TRIPP-ը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում, և ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին թեզը։
Սա պետք է լինի Հայաստանի համար ազդանշան, որ Նիկոլը ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի։
Հայաստանը չի կարող միայն արձագանքել Բաքվի ձևակերպումներին։ Հայաստանը պետք է իր օրակարգը դնի բանակցությունների սեղանին, ինչը, ցավոք սրտի, մոլորվել է ու դարձել մանրադրամ։
Հայաստանի օրակարգը պետք է հստակ լինի՝ ինքնիշխանություն՝ առանց բացառությունների, տարածքային ամբողջականություն՝ առանց երկիմաստությունների, սահմանների անձեռնմխելիություն՝ առանց վերապահումների, փոխադարձություն՝ յուրաքանչյուր պայմանավորվածության հիմքում, և անվտանգություն՝ ոչ թե հայտարարություններով, այլ իրական կարողություններով։
Եթե Բաքուն միջազգային հարթակներում ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի տարածաշրջանի ապագան, ապա Հայաստանի իշխանությունը պարտավոր է նույն հարթակներում հստակ ասել՝ որտեղ են Հայաստանի կարմիր գծերը։
Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի կողմը պահանջներ է ձևակերպում, իսկ մյուսը միայն իրականացմում դրանք։
Ուժեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե Բաքվի օրակարգի մեկնաբանը, այլ իր օրակարգի հեղինակը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: