«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն Ազգային ժողովում որոշ պաշտոնների համար արդեն իր թեկնածուներն ունի, չնայած այդքան էլ չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Սամվել Կարապետյանը, նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները և վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նորընտիր խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին, բայց խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Այնուամենայնիվ ամենաշատը քննարկվում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրում է, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:
Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա