ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի

Ռուսաստանը Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար, քանի որ հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի ջնջում ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության Դաշնային  ծառայությունը (ԱԴԾ), գրում է Meduza-ն։

Դուրովի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվում»։

ԱԴԾ հայտարարության մեջ նշվում է, որ մեսենջերի վարչակազմը չի ջնջում զանգվածային սպանությունների և կիբերխարդախության մասին ալիքները, ինչը հանգեցնում է «բազմաթիվ մարդկային զոհերի», այդ թվում՝ կանանց և երեխաների շրջանում, ինչպես նաև «միլիարդավոր դոլարների նյութական վնասի»։

ԱԴԾ հայտարարության համաձայն՝ Պավել Դուրովը հետաքննվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար (Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս):

Իր հերթին, Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները Telegram-ի չաթբոտի միջոցով հավաքագրում են անչափահաս ռուսների՝ դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Հարուցվել են քրեական գործեր՝ ահաբեկչության, ահաբեկչական գործունեությանն օժանդակելու, դիվերսիայի, անչափահասներին հանցագործություններին ներգրավելու և գույքի դիտավորյալ ոչնչացման հոդվածներով։

Դուրովն ինքը 2026 թվականի փետրվարի վերջին գրել էր, որ Ռուսաստանում իր դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչությանը նպաստելու համար։

«Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են հորինում Telegram-ին ռուսների մուտքը սահմանափակելու համար՝ ձգտելով ճնշել անձնական կյանքի և խոսքի ազատության իրավունքը։ Սա տխուր տեսարան է պետության, որը վախենում է իր սեփական ժողովրդից»,- նշել էր նա։

Telegram-ի նկատմամբ Ռուսաստանում սահմանափակումներ են սկսվել 2025 թվականի ամռանը։ Ներկայում մեսենջերը չի աշխատում առանց VPN-ի կամ արգելափակումը շրջանցելու այլ միջոցների։

Հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Telegram-ի հետ շփումներ են ընթանում Ռուսաստանում դրա վերականգնման վերաբերյալ, բայց մեսենջերի ներկայացուցիչները շատ ակտիվ չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment