Թեև 1991 թվականի անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ունեցել են ժողովրդավարական բացթողումներ, այնուամենայնիվ ներկայիս իրավիճակը անհամեմատ ավելի վատ է, քան երբևէ։
2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր՝ ժողովրդավարական ինստիտուտները հետևողականորեն հետընթաց են ապրել՝ հակառակ նրա բազմաթիվ հայտարարություններին: Առավել մտահոգիչ է, որ այսպես կոչված «ժողովրդավարական Արևմուտքն» ամբողջությամբ անտեսել է նրա չարաշահումները, քանի որ նա սպասարկում է իրենց, այլ ոչ թե Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը։
Այսօր պետական բոլոր ինստիտուտները ղեկավարվում են մեկ անձի կողմից։ Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում պահանջող սահմանադրական դրույթը կոպտորեն ոտնահարված է։ Դրա հետևանքով տուժել են թե՛ Հայաստանի ներքին կառավարումը, թե՛ արտաքին քաղաքականությունը։
Փաշինյանն իշխանության է եկել առանց կառավարման փորձի, սակայն հպարտորեն հայտարարում է, որ բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։
Դատական իշխանությունն այս հետընթացի ամենավառ օրինակն է: 2019 թվականին Փաշինյան և նրա աջակիցները շրջափակեցին Երևանի մի դատարանի շենքը՝ խոչընդոտելով դատավարությանը։ 2019 թվականի հունիսի 5-ին նա հանդես եկավ իր խայտառակ հայտարարությամբ․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։
Փաշինյանը և նրա խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական դատարանի անդամներին, այդ թվում՝ նախագահին փոխարինեցին իշխանություններին հավատարիմ դատավորներով։ Նա բազմիցս հրամայել է ձերբակալել իր վարչակազմը քննադատող քաղաքական ընդդիմախոսներին։ Վերջին ամիսներին՝ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում, հարյուրավոր մարդիկ են կալանավորվել։
Առավել մտահոգիչ է, որ իշխանությունները բռնագրավել են մի քանի հանրահայտ կալանավորվածների կալվածքը՝ նախքան դատավարությունը կամ դատական կարգով նրանց մեղավորության որոշումը: Արդյունքում բազմաթիվ հայեր կորցրել են վստահությունը սեփական երկրի դատական համակարգի նկատմամբ։
Քանի որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է և գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասության ներքո, այն հայերը, որոնց սահմանադրական իրավունքները խախտվել են՝ իրավունք ունեն արդարադատություն հայցելու այդ դատարանում ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո։
Որոշ հայեր արդեն իսկ հաջողության են հասել այդ գործում: ՄԻԵԴ-ը փոխհատուցում է սահմանել դիմումատուների համար՝ արձանագրելով, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները:
Հեգնական է, որ դեռ 2010 թվական Փաշինյանն անձամբ էր դիմել ՄԻԵԴ, այն բանից հետո, երբ ինքն ու իր թերթը դատապարտվել էին հայկական դատարանի կողմից 2008 թվականի հետընտրական անկարգությունների կապակցությամբ: 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո նա որոշեց չվերցնել ՄԻԵԴ ներկայացրած իր բողոքները: Սա աննախադեպ երևույթ է, երբ պետության գործող ղեկավարը դատի է տալիս սեփական երկրին միջազգային դատարանում:
Ավելին, որպես վարչապետ՝ Փաշինյանը խոչընդոտեց Հայաստանի կառավարության փաստաբանին ՄԻԵԴ-ում պաշտպանելու երկրի դիրքորոշումը, այդպիսով նպաստելով իր օգտին դատավճռի կայացմանը 2022 թվականին: ՄԻԵԴ-ը նրա թերթի համար սահմանեց 9000 եվրո տուգանք, գումարած հարկերը, որոնք պետք է նրան վճարեր Հայաստանի կառավարությունը:
Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է Հայաստանի բազմաթիվ օրենքներ, ինչպես նաև Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ: Ահա վարչապետի թույլ տված խախտումների համառոտ ցանկը, որոնք պետք է ուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.
1) Վարչապետը միջամտել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին` Կաթողիկոսին փոխարինելու նպատակով, չնայած Սահմանադրության պահանջին, ըստ որի՝ Եկեղեցին և պետությունը անջատ են:
2) 2020 թվականին նա համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որով Արցախի զգալի մասը փոխանցվել է Ադրբեջանին՝ չնայած նման լիազորություններ չունենալուն։ Որպես Հայաստանի վարչապետ՝ նրա իրավասությունները սահմանափակվում են միայն Հայաստանի Հանրապետությանը վերաբերող որոշ հարցերով։ Հետևաբար, նրա ստորագրած 2020 թվականի համաձայնագիրն ապօրինի փաստաթուղթ է և պետք է համարվի անվավեր։
3) Հետագայում, առանց որևէ իրավասության, նա ճանաչեց ամբողջ Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս՝ չնայած իր նախկին հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։
4) 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում նա խախտեց Հայաստանի օրենսդրության բազմաթիվ դրույթներ։ Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Սահմանադրական դատարանում նրա նշանակած անձինք անփոփոխ թողեցին ընտրությունների արդյունքները։
5) Հուլիսին խորհրդարանն ընդունեց անօրինական մի օրենք, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, եթե նրանք նախորդ երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի չեն բնակվել Հայաստանում: Այս օրենքը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, որը քվեարկելու իրավունք է վերապահում բոլոր քաղաքացիներին՝ անկախ Հայաստանում բնակության տևողությունից: Սույն օրենքը տարբեր պատճառներով արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների զրկում է ընտրական իրավունքից: Սահմանադրության 8-րդ, 48-րդ և 80-րդ հոդվածները պաշտպանում են բոլոր չափահաս քաղաքացիների ընտրելու իրավունքը՝ առանց բնակության պահանջ սահմանելու: Ավելին, 80-րդ հոդվածը հատուկ ամրագրում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է»:
Կարևոր է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ կարող են ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բնակվող անհատներն ու կազմակերպությունները: Դիմումատուները պարտադիր չէ, որ լինեն Հայաստանի քաղաքացի կամ ազգությամբ հայ․ էականն այն է, որ նրանք կարողանան ապացուցել, որ տուժել են արձանագրված խախտումից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետք է ներկայացվեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գործեր։ Քանի որ նման դատական հայցերը կարող են թանկ արժենալ, անհրաժեշտ է ստեղծել իրավական պաշտպանության հիմնադրամ՝ փաստաբանական վճարները և դրանց հետ կապված ծախսերը հոգալու համար։ Հարուստ հայերը պետք է առատաձեռնորեն նվիրատվություններ կատարեն այդ հիմնադրամին։
Եթե Հայաստանում անհնար է հասնել արդարադատության, ապա այն պետք է փնտրել այնտեղ, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: