Ռուբեն Ռուբինյանը սահմանափակել է ԱԺ-ում լրագրողների տեղաշարժն ու աշխատանքը․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։

Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։

«ԱԺ նստավայրի տարածքում

և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ

փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տեղ։

«Հատուկ վերահսկելի գոտիներում» առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։

Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար լրագրողների ցուցակագրում է սահմանվում, որը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։

Փաստացի, լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ԱԺ դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ԱԺ ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։

Արգելվում է

տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը, ըստ էության, հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։

Այս սահմանափակումները որևէ կերպ չեն կարող հիմնավորվել` որպես անվտանգության

համար անհրաժեշտ և համաչափ միջոցառումներ։

Սրանք պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև, խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը՝ հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ»։

 

 

Leave a comment