«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու կառավարության նախագծին։
«Այս իշխանություններն իրենք իրենց նվեր են արել՝ շեշտակի բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Ասացվածք կա. ուրիշի փողերը մի հաշվիր։ Բայց սա ուրիշի փողերը չեն, սա ձեր, մեր բոլորիս փողերն են, այն մարդկանց, որոնք հարկեր են վճարում։
Բայց եկեք բացենք, թե իրականում ինչ է կատարվում։ Հիշում եք չէ՞, սրանք սիրում են խրոխտ ձայնով ասել՝ «հատիկ առ հատիկ վերադարձնում ենք ժողովրդին»։ Փաստորեն, ժողովուրդ ասածը վերաբերում է միայն իրենց նեղ «կուտոկին»։ Ու իրենք այդ «սաստավով» մեջ-մեջ են անում այն գումարները, որոնք բյուջեում դրված են եւ պետք է ծառայեն մեզ բոլորիս։
Երկրորդը, որ հատիկ-հատիկ հետ են բերում։ Շատ հետաքրքիր, ընտրովի հետ բերում է։ Միանգամից ասեմ. թալանվածը, իհարկե, պետք է հետ բերվի։ Բայց սա թալանվածի մասին չի։ Այստեղ բաներ կան, որ ոչ թալանի, ոչ ապօրինության հետ կապ չունեն եւ ըստ էության համահունչ են բոլոր այն գործողություններին, որոնք բերում են Հայաստանի, օրինակ, տնտեսության կոլապսի։ Չեմ կարող չհիշատակել Գագիկ Ծառուկյանի քեյսը։ Գիտեք՝ Գագիկ Ծառուկյանին մի շինծու, մի դատարկ մեղադրանքով նստացրել են եւ հիմա խլում, գողանում են այդ մարդու ունեցվածքը։ Գողանում են, անունը դնում՝ վերադարձնում են ժողովրդին, բայց իրենց աշխատավարձերը տեսնում եք չէ՞։
Որ ասում են՝ կոռուպցիա չկա։ Կոռուպցիան մնա՝ ի՞նչ անի։ Ինչքան փող կա, գռփեցիք, կերաք։ Կոռուպցիան պոզով-պոչով է՞ լինում։ Հաա, թղթով է լինում։ Հիմա էլ նոր բան են մտածել։ Իրար մեդալներ են բաժանում։ Որ ասում են՝ վերադարձնում են ժողովրդին, ոչ մեկին ոչ մի բան էլ չեն վերադարձնում։ Իրենք դա իրենց համար են անում։ Եվ սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանության բոլոր խրոխտ, ջղային, ժողովրդավար արտահայտությունները զրո կոպեկ արժեն, որովհետեւ դրանից ժողովրդին ոչինչ չի հասնում։
Ասեմ ավելին։ Օրինակ, ո՞նց է ստացվում, որ վերադարձնում եք, բայց մահացածների գումարները կրճատում եք։ Մեռելի փող ե՞ք ուտում։ Հիշում եք, մի օրենք կար, ըստ որի՝ 200 հազարական դրամ էր հատկացնում, որովհետեւ գիտենք, որ հուղարկավորությունը թանկ արարողություն է։ Դա էլ են խլում մարդկանց ձեռքից։ Իրենց աշխատավարձը բարձրացնում են, իսկ այն գումարները, որոնք մարդկանց համար կարեւորագույն նշանակություն ունեն, կտրում են։ Հատիկ առ հատիկը ձեր գրպաններն եք լցնում։ Ուրիշ ոչինչ։ Ու հետաքրքիր է, Անկախության 35-ամյակին։ Չնայած այս իշխանությունը անկախությունը նվիրել է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ու այս իշխանության անկախությունն այն է, որ իրենից այլեւս ոչինչ կախված չէ։ Բոլոր որոշումները դրսերում կայացվում, իջեցվում են այստեղ։ Սրանք էլ կատարում են։ Սրանց միակ ֆունկցիան ձեր խելքն ուտելն է, մեր խելքը լվալն է։
Սա ծիծաղելի կլիներ, եթե շատ ցավալի չլիներ, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ իրենք ատում են ժողովրդին, իրենք իրականում ժողովրդի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Սա բնավ քննադատություն չի, ընդդիմություն-իշխանություն չի։ Փաստեր են՝ դուրներդ գա, թե չէ, համակրում եք իշխանությանը, չեք համակրում, դա խորապես ոչ մի նշանակություն չունի։ Իրենք իրենցը կամաց-կամաց անում են, Բաքվից հանձնարարականները կատարում են, ձեռի հետ էլ իրենց աշխատավարձերը ու պարգեւատրումները աստղաբաշխական մակարդակի են բարձրացնում։
Մի բան էլ։ Ուսուցիչների, ոստիկանների, զինվորականների այդ ատեստավորումները, որ աշխատավարձը մի քանի տասնյակ հազար կամ 100 հազար բարձրանա։ Հիմա հարց եմ տալիս, բա ձեր աշխատավարձի բարձրացումն ինչո՞վ է պայմանավորված։ Ձեր աշխատանքի արդյունավետությա՞մբ։ Աշխատանքի արդյունավետությունը հրապարակում սալյուտներն ու տրնգիները չեն։ Երկրի հերն անիծելով՝ հետն էլ տրնգի եք անում, ասում՝ ոչինչ, ժողովուրդ, դրա փոխարեն ուրախ ենք։ Թե՞ այն շինծու խաղաղությունն է, որ օկուպանտը նստած է Հայաստանի տարածքում ու դուք էլ ուրախ, զվարթ միջոցառումներ ենք անցկացնում։ Մի քիչ խելք է պետք ունենալ չէ՞։ Օկուպանտը տարածքում է, իրենք՝ իշխանությունները, քեֆ են անում»,- ասաց նա։
Արման Աբովյանը պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուց, պարգեւավճարներից բացի անդրադարձավ նաեւ պետականացված, բայց իրականում խլված բիզնեսներին ու գույքերին, որոնք ըստ երեւույթին ձեռի հետ մեջ-մեջ են անում։ «Մեջ-մեջ անել ասելով նկատի ունեմ կառավարիչներին նշանակելը։ Ձերոնք են չէ՞։ Աշխատավարձերը։ Օրինակ, ՀԷՑ-ինը, Արարատ-Ցեմենտինը, Կոնյակի գործարանինը։ Դրանք ժողովուրդն է՞ կառավարում, թե՞ ձեր կուսակիցներն ու մերձավորները»,- հարցրեց քաղաքական գործիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: