«Երեկ կառավարության նիստում ընդունվեց որոշում, որը կապված է ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու ընթացակարգի հետ: Մենք ունենք մեր պատրաստի չեք-լիստերը, որոնցով ստուգումներ ենք իրականացնելու»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ներկայացնելով ընթացակարգը։
Նա նշեց, որ ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է, որպեսզի ձկնամթերք արտադրողները, ձկնաբուծական ընկերությունները գրանցված լինեն ԵՄ առեւտրի եւ փորձագիտական համակարգում՝ TRACES-ում: Նաեւ տեղեկացրեց, որ եվրոպական երկրներից փորձագետների են հյուրընկալելու, որոնք առաջին խմբաքանակներն արտահանելու հետ կապված բոլոր հարցերը կպարզաբանեն։
«TRACES-ում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Դիմում կարող է ներկայացվել եւ փաստաթղթային տարբերակով, եւ էլեկտրոնային եղանակով: Պարտադիր է, որ կցված լինեն համապատասխան փաստաթղթերը: Դրանք կազմված են 18 կետից, որոնք շուտով կհրապարակվեն snund.am կայքում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Հավելեց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսվարողների դիմումն ուսումնասիրվում է, որից հետո տնտեսվարողների մոտ ստուգում է իրականացվում, այնուհետեւ տեսուչը տեղեկանք է կազմելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, կազմակերպությունը գրանցվում է TRACES համակարգում։
Նա անդրադարձավ նաեւ TRACES-ում գրանցվելուց հետո տրամադրվող կոդի վերաբերյալ թյուրըմբռնմանը. «Կոդն ինքնաշխատ ձեւով ձեւավորվում է համակարգում, երբ մենք, որպես լիազոր մարմին, հայտն ուղարկում ենք Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, դրանից հետո մեզ կոդ է տրամադրվում: Դա այն կոդն է, որը փոխանցում ենք տնտեսվարողին: Կոդն անժամկետ է տրամադրվում, տնտեսվարողը ստեղծում է իր օգտանունը, որից հետո մուտք է գործում TRACES համակարգ»։
ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ TRACES-ում գրանցվելուց հետո իրենք տարին մեկ անգամ ստուգումներ են իրականացնելու, խախտումների դեպքում տնտեսվարողին տրվելու է ողջամիտ ժամկետ դրանք վերացնելու համար: Հավելեց նաեւ, որ յուրաքանչյուր արտահանման ժամանակ նոր խմբաքանակի հայտ պետք է ներկայացնել։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: