«Ես հույս ունեի, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր գործընկերը կընդգծեր, որ այն ձայնագրությունները, որոնք հանրայնացվել են, որոնք լսել եք դուք, նաև մի շարք մեր հայրենակիցներ, մոնտաժված են»,- այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանության» դաշինքի ներկայացուցիչը հարցեր էր տալիս։ Արամ Վարդևանյանին վերջինս հարցրեց. «Պատրա՞ստ եք, որ ՍԴ-ն քննարկման առարկա դարձնի նաև ձեր քաղաքական ուժի հետ կապված ընտրակաշառքի դեպքերը»։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց՝ ենթադրյալ ընտրակաշառքների գործերով, խոսքը ամբողջ ՀՀ-ում 268 մեղադրյալի մասին է, գործերի մի մասն է դատարան ուղարկվել, դրանց մի մասն էլ չի հաստատվել։
«Նույն այդ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումներից մեկը վերաբերում էր մեր գործընկեր Գոհար Ղումաշյանին։ Ըստ ձայնագրության՝ երկու մեղադրանք կար։ Հիմա երկու դրվագներից մեկը գոյություն չունի։ Բայց Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություն առ այն, որ գոյություն չունի, որ սխալվել ենք, որ ներողություն ենք խնդրում, որ հետագայում ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին նման հարց չտան, չկա»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա հավելեց՝ բոլոր նյութերը պետք է իրավական, փաստահեն լինեն, ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեի վարկած, ինչ-որ մեկի ենթադրություն։ Ասաց՝ «Հայաստան» դաշինքի դիմումում ներկայացված փաստարկները՝ ատելության խոսքի մասով, վարչական ռեսուրսի կիրառման և այլն, հիմնված են փաստերի, դատարանների որոշումների վրա, ոչ թե մի տվյալ է հանրայնացվել, որը անմեղության կանխավարկածը չի հաղթահարել, իրավական որևէ պատշաճ գործընթացով չի անցել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: