Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ «փող տալու» առաջին ակցիան կազմակերպվեց՝ որոշում ընդունվեց պտուղ-բանջարեղեն ու ծաղիկ արտահանողներին փոխհատուցում տրամադրել՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։
Որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը, կարո՞ղ են արդյոք այսկերպ փրկել օր-օրի սնանկացող արտահանողին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սառը ջուր է լցնում կառավարության գլխին: «Հրապարակի» հետ զրույցում նա վստահեցնում է, որ նման արտահանում տեղի չի ունենա, եւ խոստանում է. «Եթե մեկը կարողանա 10 կիլոգրամ սոխ տանել, վաճառել Եվրոպայում, ես նրան պրեմիա կտամ»: Ինչո՞ւ: «Բացատրում եմ. արտահանման աջակցությունը տրվում է, երբ որ ապրանքը հատում է երկրի մաքսային սահմանը եւ ներկայացվում է վճարող մարմնին, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությանը, որ այդ արտահանումը տեղի է ունեցել: Ես ծաղիկ կամ բանջարեղեն, կամ մրգեղեն արտահանելու այլ երկիր Ռուսաստանից բացի չեմ տեսնում, որովհետեւ մեր բոլոր 4 հարեւանները, որպես կանոն, մասնագիտացված են նման արտահանումների մեջ: Ռուսաստանին փոխարինող միակ շուկան Եվրոպական Միության շուկան է, որտեղ մեզ չեն թողնի, քանի որ այդ ապրանքները ֆիտոսանիտարական վերահսկողություն չեն անցել: Հետեւաբար, այդ փոխհատուցումները չեն լինելու` այն պարզ պատճառով, որ արտահանման փաստերը, այդ իրադարձությունները չեն լինելու: Եվ, ուրեմն, դա պրոպագանդիստական տրյուկ է` ընտրություններից երկու օր առաջ: Այսինքն՝ որպեսզի ես ելակի արտահանումը փոխհատուցեմ, այդ ելակը պետք է դուրս գա սահմանից, բայց որպեսզի ելակը սահմանից դուրս գա, պետք է այն գնալու տեղ ունենա: Գնալու տեղ չկա: Այնպես որ, հանգիստ կարող են այդ սուբսիդիաները, պետական «պրեմիաները» նախատեսել, որովհետեւ, միեւնույն է, ոչ ոք ոչինչ չի արտահանելու»:
Բագրատյանը հիշեցնում է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ չեն ֆինանսավորի Հայաստանին, որը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմել: «Նա ճիշտ է ասում` մենք չենք գնում Եվրամիություն, մենք ստորագրում ենք, որ գնում ենք միանալու Ուկրաինային, որ պատերազմենք Ռուսաստանի դեմ, քանի որ դա Եվրամիության պահանջն է: Ինչպես հայտնի է, Եվրոպան պատերազմ է ուզում հայտարարել Ռուսաստանին` 2029-2030 թվերին: Իրենք ասում են, որ իբրեւ թե Ռուսաստանն է հարձակվում իրենց վրա»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: