Քաղաքացիությունից զրկելու գաղափարը դեռ գլոբալ է, անհրաժեշտ է քննարկման դաշտ բացել, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում ներառված դրույթին
«Տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ՝ տալ քաղաքացուն բնորոշ իրավունքներ կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ»,- նշել է ՆԳ նախարարը, գրում է Sputnik Արմենիան:
Սարգսյանը պարզաբանել է, որ համապատասխան դրույթը Սահմանադրության նախագծում ներառվել է հենց ՆԳ նախարարության առաջարկով։ Միաժամանակ նախարարությունում գիտակցում են հարցի երկակի բնույթը, քանի որ կարգավորումը կարող է տարածվել ինչպես երկքաղաքացիների, այնպես էլ միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց վրա։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ պետություններն ունեն միջազգային պարտավորություն ամեն ինչ անելու, որ առանց քաղաքացիության մարդիկ չլինեն գլոբալ մակարդակով։
Միևնույն ժամանակ, Սարգսյանը մատնանշել է, որ մի շարք երկրների օրենսդրությամբ նախատեսված են քաղաքացիությունից զրկելու հնարավորություններ։
Նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Առաջարկվող կարգավորման համաձայն՝ անձին ՀՀ քաղաքացիությունից հնարավոր կլինի զրկել բացառապես դատարանի որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված դեպքերում, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու հիմքով։