Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին

Այսօր՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Գեղարքունիքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ ։

Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։Ոստիկանները Հայկ Ղ.-ին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը եղել է հղի։Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հայտնում։

—00—ՄԱ

Leave a comment