Իրանը հայտարարել է` հրթիռային հարձակումները շարունակվելու են, ԱՄՆ-ի հետ բանակցություններն «օրակարգում չեն»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ  որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն օրակարգում չեն՝ մինչ պատերազմը մտել է իր 11-րդ օրը, գրում է Al arabiya-ն։

«Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելն այլևս մեր օրակարգում կլինի»,- PBS News-ին տված հարցազրույցում ասել է Աբբաս Արաղչին՝ ասելով, որ Թեհրանը «շատ դառը փորձ» ունի ԱՄՆ-ի հետ նախորդ բանակցությունների ընթացքում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին, որի արդյունքում սպանվեց երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և պատերազմի սկիզբ դրվեց, որը տարածվում է  ամբողջ Մերձավոր Արևելքում: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները սկսվեցին Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններից երկու օր առաջ՝ քննարկումների նախորդ երեք փուլերից հետո: Օմանի միջնորդներն ասել էին, որ բանակցություններում «զգալի առաջընթաց» կա:

PBS News-ին տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ Իրանը գործում է «ինքնապաշտպանության» նպատակով:

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր հրթիռներով հարձակումները նրանց վրա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և որքան կպահանջվի։ Ես չեմ կարծում, որ նրանք իրենց մտքում որևէ իրատեսական վերջնախաղ ունեն»,- ասել է Արաղչին։

Ինչ վերաբերում է նավթի գներին, Արաղչին հայտարարել է՝ գների բարձրացումն իրենց մեղքը չէ, այլ պետք է մեղադրել Իրանի դեմ «իսրայելցիների և ամերիկացիների հարձակումներին ու ագրեսիային»։ Նա հավելել է՝ Իրանը «չի փակել» Հորմուզի նեղուցը և «չի խանգարում նրանց նավարկել այդ նեղուցով»։

Երկուշաբթի ուշ երեկոյան Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել էր, որ տարածաշրջանի և այլ որոշ երկրներ դիմել են Իրանին՝ հրադադար հաստատելու համար:

«Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, և նույնիսկ տարածաշրջանի որոշ երկրներ կապի մեջ են մեզ հետ։ Նրանցից ոմանք պատրաստ են ինչ-որ բան անել այս պատերազմը դադարեցնելու կամ հրադադար հաստատելու համար»,- ասել է Ղարիբաբադին՝ հավելելով՝ Իրանը «չի սկսել ագրեսիան և պատերազմը, այլ պաշտպանվում է»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment