«Վրացական երազանք»-ի պատգամավորները կմասնակցեն ռուսամետ ԱՄՆ կոնգրեսականի կազմակերպած գագաթնաժողովին

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

«Վրացական երազանք»-ի երեք պատգամավորներ հրավիրվել են մարտի սկզբին Վաշինգտոնում մասնակցելու «Ինքնիշխան ազգերի դաշինք» գագաթնաժողովին, որը կազմակերպում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աննա Պաոլինա Լունան։ Լունան ծայրահեղ աջ հայացքներով հայտնի գործիչ է, որն աչքի է ընկնում մարգինալ դիրքորոշումներով և Կրեմլի հետ սերտ համընկնող դիրքորոշմամբ։ Իշխանամետ Imedi լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն պատգամավորներ Նիկոլոզ Սամխարաձեն, Լիկա Շարթավան և Մարիամ Լաշխին։

Գագաթնաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ միջոցառումը կազմակերպում է վերջերս մահացած ծայրահեղ աջ ակտիվիստ Չարլի Քիրքի հիմնադրած Turning Point Action կազմակերպությունը, և այն «կհամախմբի բիզնեսի, քաղաքականության, ակադեմիական շրջանակների և հասարակության այլ ոլորտների առաջնորդների ամբողջ աշխարհից՝ կարևոր և տեղեկատվական միջոցառման շրջանակում»։

Գագաթնաժողովի իրական նպատակները, սակայն, մեծ մասամբ հստակ չեն։

«Մենք հանդես ենք գալիս ազգերի ինքնիշխան իրավունքների պաշտպանության օգտին, ընդդեմ անդրազգային հաստատությունների ավտորիտար գերիշխանության, և կողմ ենք գլոբալ կազմակերպությունների բարեփոխմանը, որպեսզի դրանք հարգեն ազգային ինքնությունը և աջակցեն, այլ ոչ թե խոչընդոտեն, ազատություն փնտրող մարդկանց բնական շահերին ամբողջ աշխարհում»,- նշված է առաքելության հայտարարությունում։

Լունայի հետ միասին, որպես պատվավոր նախագահ, «հրավիրված հատուկ հյուրերի» թվում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Մարկուս Ֆրոնմայերը և Պորտուգալիայի պահպանողական Chega կուսակցության եվրապատգամավոր Անտոնիու Տանգեր Կորեան։ Ֆրոնմայերը Ռուսաստանի նախագահի վարչակազմի կողմից հրապարակված ռազմավարական փաստաթղթում նկարագրվել է որպես «Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ գտնվող» գործիչ, իսկ Կորեան հայտնի է որպես վիճահարույց դավադրապաշտական տեսությունների աջակից։

Լունան վերջին ամիսներին բազմիցս հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ և կոչ է արել վերականգնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները՝ հայտարարելով, որ «պարտադիր չէ՝ երկու երկրները թշնամիներ լինեն»։ Նա նաև տարածել է հակաուկրաինական դավադրապաշտական պնդումներ, ինչը քննադատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլհա Ստեֆանիշինան։

Լունան վերջերս ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև Հարավային Կովկասում այն բանից հետո, երբ ներկայացրել էր օրինագիծ՝ դադարեցնելու Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ օգնության սահմանափակումները։

Գագաթնաժողովին մասնակցող «Վրացական երազանք»-ի պատգամավորներից մեկը՝ Մարիամ Լաշխին, նույնպես հաճախ է հայտնվել սկանդալների կենտրոնում։

2024-ի մայիսին բրիտանական The News Agents փոդքաստին տված անգլալեզու հարցազրույցում նա անդրադարձել էր «Վրացական երազանք»-ի ամենատարածված դավադրապաշտական տեսություններից մեկին՝ պնդելով, որ «խորը պետությունը» և «գլոբալ պատերազմի կուսակցությունը» փորձում են ապակայունացնել Վրաստանը և ներքաշել երկիրը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Երբ հաղորդավարը հստակեցնող հարց էր տվել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, Լաշխին այդ խմբերին համեմատել էր մասոնների հետ, սակայն ընդունել էր, որ չգիտի, թե էլ ովքեր կան կուսակցության կազմում։ 

The post «Վրացական երազանք»-ի պատգամավորները կմասնակցեն ռուսամետ ԱՄՆ կոնգրեսականի կազմակերպած գագաթնաժողովին appeared first on CIVILNET.

Leave a comment