Ինչո՞ւ է Արման Սարոյանը շահագրգիռ Արշակ սրբազանի հարցով․ փաստաբանը տարակուսած է՝ կարծես կամ նկարահանողն է ինքը, կամ մոնտաժողը

«Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ֆայլերը մշակված ածանցյալներ են, չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ»,- սա մի հատված է կալանքի տակ գտնվող Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունում միջազգային փորձագիտական եզրակացությունից, որն այսօր կայացած ասուլիսում հրապարակեց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Այս պատասխանը ներառված է Չեռնոգորիայում պատվիրված միջազգային փորձաքննության արդյունքում։ Հարցը եղել է՝ արդյոք  տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն ունեցե՞լ են օբյեկտիվ իրականությունում։

Փորձաքննություններ են պատվիրվել նաեւ ՌԴ-ում եւ Սերբիայում։ Այլ երկրներում էլ կան պատվիրված փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացել, բայց այս երեք փորձաքննությունների արդյունքները, ըստ փաստաբանի, միանշանակ հաստատում են, որ սրբազանին վերագրվող տեսանյութը, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել եւ արդյունքում սրբազանն արդեն մի քանի ամիս է կալանավորված է, կեղծ է։

Փորձագետները նշել են՝ տեսագրության մեջ առկա մի շարք գործոններ հստակ վկայում են ալգորիթմական արտադրության կամ նյութի վերակառուցման մասին․ «Ուստի, նշված տեսագրություններում առկա տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն»։

Փաստաբանը յոթ հարց է ուղղել փորձագետներին։ Հարցին՝ արդյոք այն արհեստական բանականությա՞մբ է գեներացված կամ համանման այլ գործիքների կիրառմամբ, հնչել է պատասխան․ «Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Մի քանի անկախ ցուցիչներ՝  ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ նշված տեսագրությունները համարվում են մասնագիտական ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, և խիստ բնորոշ են արհեստական բանականությամբ աջակցված սինթեզին կամ արհեստական բանականությամբ աջակցված վերակառուցման փոփոխությանը»։

Եզրակացություններում նաեւ ֆիքսված է, որ տեսագրությունում առկա ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը, տեսագրությունում առկա են խմբագրման, մոնտաժման հետքեր։ Նաեւ եզրակացրել են՝ հնարավոր չի կատարել տեսանյութերում երեւացող պատկերների նույնականացում։

Մանրամասները՝ տեսանյութում

Փորձագիտական եզրակացության այլ մանրամասները՝ հետեւյալ հղումով։

Արսեն Բաբայանը նաեւ տարակուսանք հայտնեց այն առումով, թե ինչո՞ւ է կարգալույծ եւ պաշտոնանկ արված Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը շահագրգիռ Արշակ սրբազանին վերագրվող կեղծ տեսանյութի հարցով։ Նա տարակուսեց՝ ասես կամ նկարահանողն է ինքը, կամ՝ մոնտաժողը։

Հիշեցնենք, ՔԿ-ի փորձագիտական եզրակացությունը տեսանյութի մասին, հենց նրա ձեռքում էր հայտնվել, եւ նա հայտարարել էր, որ այդ տեսանյութերը Վեհափառի հրահանգով են հրապարակայնացվել։

Արսեն Բաբայանը պնդում է՝ Վեհափառը ոչ այդ տեսանյութերի բովանդակությանն է ծանոթ, ոչ էլ դրանց առիթով ՔԿ-ի փորձագիտական եզրակացությանը։ Նա հայտարարեց, որ Վեհափառը հրաժարվել է այն ժամանակ դեռ Գեւորգ սրբազանի տրամադրած փորձագիտական եզրակացության արդյունքներին ծանոթանալ՝ հայտարարելով, որ դրանք ապօրինաբար են հայտնվել նրա ձեռքում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment