Սիլվա Ադամյանը հիշել է՝ ինչպես Արսեն Թորոսյանի հայրը վիրավորեց ու դուրս շպրտեց Ամուլսարի թեմայով զեկույց ներկայացնող բնապահպաններին

«Մենք ստեղծել ենք մի խումբ, որը կոչվում է «Իմ սիրտը լեռներում է»։ Սա ակտիվ կանանց խումբ է, որտեղ նաև Նազելի Վարդանյանն է։ Նա շատ ակտիվ է բարձրաձայնում Ամուլսարի հարցը, երբեք կանգ չի առել։ Կարծում եմ՝ նրա շնորհիվ, որ պայքարը երբեք չի դադարել, այն վերսկսվում է։ Ես տեսնում եմ, որ այդ միտումն այժմ կա»,-Aravot.am-ին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Ադամյանն ասաց, որ թեև ինքը չի հավատում, որ կարող են ինչ-որ բան փոխել, իրեն էլ են համոզել միանալ պայքարին.

«Ես մեր հաղթանակի հարցում այդքան էլ համոզված չեմ, բայց որ պետք է պայքարենք, միանշանակ է, դա պետք է։ Պայքարը շարունակական է լինելու, կտեսնեք։ Լուրջ մարդիկ են միացել և պայքարելու են»։

Երեկ COP17-ի շրջանակում բնապահպան Աննա Շահնազարյանն է խոսել Ամուլսարի հարցի մասին՝ անդրադառնալով նաև պայքարի թուլացման պատճառներին։

Ըստ նրա՝ «Պատերազմը ծանր հարված հասցրեց թե՛ շարժման մասնակիցներին, թե՛ ամբողջ հասարակությանը։ Մինչև պատերազմը տեղացիները շարունակում էին հերթապահել Ամուլսարի ճանապարհների մոտ՝ օր ու գիշեր անցկացնելով այնտեղ։

Այդ, այսպես կոչված, պահակությունն իրականացնում էին տղամարդիկ։ Նրանց զորակոչեցին պատերազմ, և նրանցից ոմանք զոհվեցին։

Կորուստներն ազդել են ոչ միայն զոհվածների հարազատների և շարժման մասնակիցների, այլև հասարակության ավելի լայն շրջանակների վրա։ Պատերազմից հետո տարածվել են անզորության և անտարբերության զգացումներ»,- ասել է Շահնազարյանը։

Սիլվա Ադամյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մեկ-երկու հոգու զոհվելը կարող էր պատճառ դառնալ դիմադրության թուլացման՝ հաշվի առնելով, որ պայքարի հիմնական կորիզը ողջ է։

Ի պատասխան՝ Ադամյանն ասաց, որ դա կարող էր լինել պատճառներից մեկը։

«Այդ պայքարը չի ընդհատվել, ընդհատվել է ակտիվիստական շարժումը։ Եթե այսօր աղջիկներն ասում են, որ տղաները գնացել են, զոհվել են, ինչ-որ տեղ ճիշտ են։ Այդ տղաները հենակետեր ունեին և պահում էին, որպեսզի հանքը չշահագործվի։ Այդ հենակետերում էին նստած։ Երբ գնացին բանակ, այդ հենակետերը վերացան։ Տղաների զոհվելուց և Արցախյան պատերազմում պարտությունից հետո ժողովուրդը թևաթափ եղավ։ Արցախյան պատերազմը կոտրեց բոլորին, մենք էլ ենք կոտրվել։ Արցախի հանձնումը գիտեք՝ ինչպես է ազդել մարդկանց վրա։ Բայց փաստ է, որ խնդրի բարձրաձայնմանը նպաստել են ոչ միայն այդ ակտիվ քաղաքացիները»։

Ըստ նրա՝ Ամուլսարի դեմ պայքարն ընթացել է մի քանի ուղղություններով։ Քաղաքացիական ակտիվությունից բացի՝ եղել է նաև փորձագետների ակտիվությունը.

«Ես զբաղվել եմ գիտական մասով, խումբ եմ ղեկավարել, որտեղ եղել են գիտնականներ, որոնք իրենց ուսումնասիրությունների փաթեթը՝ եզրակացությամբ, դրել են կառավարության սեղանին»։

Ադամյանն ընդգծեց, որ այդ փաթեթը եղել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։

Ադամյանը նաև հիշեց, որ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այդ թեմայով զեկույց են ներկայացրել, որին ներկա է եղել այն ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության ղեկավար Գևորգ Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի հայրը։

«Հնչեցին մեր փորձագետների կարծիքները, ըստ որոնց՝ բավարար տվյալներ չունեք՝ պնդելու, որ հանքը չի ազդի Սևանի ու ստորերկրյա ջրերի վրա։ Նման ուսումնասիրություն չկար, հիմա էլ չկա։ Արսեն Թորոսյանի հայրը մեզ վիրավորեց ու դուրս շպրտեց աշխատասենյակից»,- ասաց Ադամյանը։

Նա նկատեց նաև, որ բնապահպաններ Նազելի Վարդանյանն ու Թեհմինե Ենոքյանը մինչև հիմա դատական քաշքշուկների մեջ են Ամուլսարի հարցով։

«Նրանք դատական համակարգի զոհերն են։ Ի՜նչ գումարներ են նրանց վրա դրված՝ իբր զրպարտության համար։ Նրանք մեր տված եզրակացությունները փորձել են առաջ մղել, այդ փաստաթղթերի հիման վրա դատարանում փորձել են որոշում ստանալ, որը կարգելի հանքի գործունեությունը։ Բայց չի ստացվել»,- ասաց Ադամյանը:

Ադամյանն ընդունում է, որ Ամուլսարի պայքարի ակտիվ ջատագովներն ամեն դեպքում ինչ-որ տեղ թերացել են.։

«Ճիշտ է, մենք էլ ենք թերացել, ես էլ եմ դա իմ վրա վերցնում, որովհետև երբ փակվեց այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, և որտեղ նույն գիտնականներն էին աշխատում, այդ փաստաթղթերը որոշ չափով կիսատ մնացին, չնայած դրվեցին կառավարության սեղանին»։

Այնուամենայնիվ, բնապահպանը պնդում է, որ Ամուլսարի պայքարը երբեք չի կանգնել.

«Գուցե ակտիվիստական պայքարն է թուլացել, բայց որ խնդիրը դրված է սեղանին, ու դատական գործընթացների միջոցով փորձել են լուծել այդ հարցը, դա միանշանակ է»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment