Լոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ խոսքն Անգլիայի Գլոսթերշիր կոմսության Ֆեյրֆորդ քաղաքում և Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաօդային բազաների մասին է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տունն Իրանին հարվածելու ծրագիր է մշակում, որը նախատեսում է այդ բազաների օգտագործումը։
Երկու բազաներն էլ օգտագործվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն, Լոնդոնի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագրի համաձայն, բազաները կարող են օգտագործվել միայն այն ռազմական գործողությունների համար, որոնք նախապես հաստատվել են բրիտանական կառավարության կողմից:
Նշվում է, որ բրիտանական իշխանությունները թույլտվություն չեն տվել, քանի որ մտավախություն ունեն, որ դա միջազգային իրավունքի խախտում կլինի:
Լրատվամիջոցը նշում է, որ դրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է աջակցել այն գործարքին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը մտադիր էր Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս կղզիները վերադարձնել Մավրիկիոսին: Այդ կղզիներից մեկում՝ Դիեգո Գարսիա կղզում, գտնվում է քննարկվող ռազմական բազաներից մեկը: Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում քննադատել էր կղզիները հանձնելու որոշումը: