Մենք այնքան ժամանակ չենք հաջողի, քանի դեռ բոլորս չենք ապաշխարել և գիտակցել Բագրատ Սրբազանի սրբազան մղումները, այս մասին հայտարարել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի՝ «ՏաԼույս»-ի ղեկավար Մարիա Գալստյանը։
«Իշխանավորնե՛ր, համոզված եմ՝ պատասխանատվության գիտակցումը երբեմն ձեզ էլ է այցելում։ Հատկապես այն պահերին, երբ մնում եք ինքներդ ձեզ հետ։ Գուցե հասկանում եք՝ ինչ եք անում և ինչի մեջ եք թաթախված, բայց դեռ ժամանակը չէ և ուժ չեք գտնում այդ ճշմարտությանն առերեսվելու, ապաշխարելու և այն բարձրաձայնելու։
Նաև հասկանալի է, որ ինչ-որ պահից սկսել եք սովորականացնել սեփական հանցավոր գործողությունները՝ գիտակցելով, որ ձեր իսկ կողմից ղեկավարվող կառույցներով ստեղծված սուտն ու կեղծիքը դարձել են ձեզ պաշտպանող հուսալի վահան և, կարծես, բավական արդյունավետ են գործում։
Ձեր ձեռքում չէ՞․ այսօր մի բան կասեք, վաղը՝ մեկ այլ։ Բայց սա այլևս էականը չէ։ Էականն այն է, թե որ փուլում ենք, և ինչ իրականության միջով ենք այսօր անցնում։
Համատարած զրկանքներ, տարբեր դրսևորումներով հալածանքներ, ճնշումներ ու հետապնդումներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենատեր են, ունեն այլախոհ հայացքներ և չեն հրաժարվում իրենց սկզբունքներից։
Իմ անմիջական միջավայրում բազմիցս արտահայտել եմ համոզմունքս` մենք այնքան ժամանակ չենք հաջողի, քանի դեռ բոլորս չենք ապաշխարել և գիտակցել Բագրատ Սրբազանի սրբազան մղումները, նրա պայքարի իրական նպատակը՝ հանուն արդարության ու ճշմարտության, հայության միաբանության, հաշտության օրակարգի ձևավորման և մեր Հայրենիքի վերազարթոնքի։
Այո, մենք չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Սրբազան Հայրը՝ հանուն ճշմարտության ու արդարության։ Քանի դեռ նրա նկատմամբ կատարվող անարդարությունը մեզանից յուրաքանչյուրի համար չի դարձել սեփական ցավ, սեփական պատասխանատվություն և սեփական պայքար։
Որովհետև հաղթանակը սկսվում է ճշմարտությունը ճանաչելուց, անարդարությունը չհանդուրժելուց և միմյանց ցավը սեփականը դարձնելուց:
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Մատթեոս 5։10
Երանի՜ այս փուլում Աստված «համբերության բաժակը» չմեծացնի, և շուտ հասնի այն օրը, երբ այլևս ստիպված չենք լինի ճաշակել այսքան դառնություն»,- նշել է Գալստյանը։