Լրագրողին վիրավորելը հարձակում է խոսքի ազատության վրա. EFJ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) միանում է իր անդամ կազմակերպությանը՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ) , և դատապարտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը։

Նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, բազմիցս վիրավորել է նրան։ Միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում։

Վեճը հիմնականում վերաբերում էր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին, որտեղ ամփոփված են Լեռնային Ղարաբաղի պատերազմների և Ադրբեջանի հետ հետագա բախումների ընթացքում զոհված հայ զինծառայողների աճյունները, հայտնում է OC Media-ն։

Լրագրողը նաև Նիկոլ Փաշինյանից պատասխան է պահանջել Ադրբեջանի հետ վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում հայերի զոհվելու համար։

Վեճի ընթացքում Ջեբեջյանը վարչապետին նաև հիշեցրել է նախկինում իր ընդդիմախոսներին հնչեցրած սպառնալիքների մասին.

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»:

Վարչապետը պատասխանել է.

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս հարգալից խոսելաոճ պահպանելու, զսպվածություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական աշխատանքը հարգելու վերաբերյալ, նույնիսկ այն դեպքերում, երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները։

Ինչպես ընդգծել է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը «վաղուց արդեն թիրախավորում են նաև այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում նրա տեսակետները և նրան անհարմար հարցեր են ուղղում»։

Մենք միանում ենք Հայաստանի ժուռնալիստների միության կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնելու լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և վերջ դնելու նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։

«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի վրա, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու համար»,- հայտարարել է Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մայա Սևերը։

Leave a comment