«Քիչ առաջ այստեղ հնչեցին ոչ ճիշտ, անբարեխիղճ, եթե ոչ՝ սուտ հայտարարություններ»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, դիմելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ցանկերում հուշարձան ներառելու ուղղությամբ Հայաստանի կողմից աշխատանք չի կատարվել։
Լիլիթ Գալստյանը հստակեցրեց. «Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ։ Այսպես՝ Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրները, որոնցից Հաղպատի՝ 96-ին, իսկ 2000-ին՝ Սանահինի ընդլայնված ընդգրկումն է տեղի ունեցել։ 2000 թվական՝ Էջմիածնի մայր տաճար, եկեղեցիները եւ Զվարթնոցի հնագիտական վայրը։ 2000՝ Գեղարդի վանք եւ Ազատի վերին հովիտ։ Բավական լուրջ աշխատանք է տարվել նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ. 2008-ին դուդուկն է ներառվել, 2010-ին՝ խաչքարերի արվեստը, խորհրդանշականությունը, նրանց վարպետությունը, 2012-ին՝ Սասնա ծռերը եւ էպոսի կատարումը, 14-ին՝ լավաշի պատրաստման ավանդույթը, 17-ին՝ Քոչարի ավանդական խմբապարը, հայկական տառարվեստը՝ 19-ին, 20-ին՝ Թադեի ուխտագնացությունը, 23-ին՝ Գյումրու դարբնության ավանդույթը։
Ասեմ, որ այդ տարիներին, ձեր ասած 30 տարիներին, Հայաստանը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հինգ պայմանագրերի, ինչը ահռելի դաշտ է ապահովում։ Այս անդամակցությունը եւս գործունեության արդյունք է ինքնին ներկայացնում, աշխատանքի մասին է խոսում։ Այսօր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկերում են, եւ նախկինները այդտեղ դերակատարություն ունեն վստահաբար՝ Նորավանքը, Դվինը, Տաթեւը, Երերույքը։
Ուղղակի պարզապես ես չեմ հանդուրժում՝ այո՛, աշխատեք, լավ եք անում, ընդլայնեք ցանկերը, նոր հուշարձաններ ներառեք, բայց չի կարելի սեւացնել եւ ոչ ճիշտ տեղեկատվությամբ հանրությանը մոլորեցնել, թե 30 տարի ոչ մի աշխատանք չի կատարվել։ Սա ուղղակի, եթե ավելի կոշտ բառ չընտրեմ, անբարեխղճություն է եւ մանավանդ Կրթության, գիտության նախարարությանը չի սազում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: