Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մի խումբ երիտասարդների միջև ծագած վեճը վերածվել է լուրջ ընդհարման։
MediaHub-ի տեղեկություններով՝ կողմերի միջև լարվածությունը ոչ միայն չի մարել, այլ նաև շարունակվում է, և իրավիճակը կարող է կրկին սրվել։
Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցները Հայաստան են վերադարձել Ղազախստանից, որտեղ մասնակցել են իրենց համագյուղացու հարսանիքին։ Հենց այնտեղ էլ երիտասարդների միջև տարաձայնություն է առաջացել, որը, սակայն, դրանով չի ավարտվել։
«Վեճի մասնակիցները նոր են վերադարձել Ղազախստանից, մեր համագյուղացու հարսանիքին էին մասնակցում։ Այնտեղ թեթև վեճ է ծագել, բայց Հայաստան վերադառնալուց հետո այն շարունակվել է։ Տեղյակ եմ, որ պատճառը հիմնականում միմյանց չհասկանալն է եղել, ինչն էլ հանգեցրել է միմյանց հարվածելուն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սարուխան բնակավայրի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը։
Վերջինս անդրադարձավ նաև շրջանառվող տեղեկություններին, թե երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպը հովանավորվել է Գավառի համայնքապետի կողմից՝ դրանք որակելով որպես սուտ։
«Անկեղծ ասած՝ այդ երիտասարդներին չեմ ճանաչում, բայց եթե նույնիսկ նրանցից մեկը համայնքի ղեկավարի բարեկամն է, դա ի՞նչ կապ ունի վեճի հետ։ Չեմ ուզում առաջ անցնել իրադարձություններից։ Կարծում եմ՝ հանրային լայն արձագանքից հետո իրավապահները կպարզեն ամբողջ եղելությունը։ Կարևորն այն է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները:
«Ծեծողներից Տիգրան Յոլչյանը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ուզում ենք, որ բարձրաձայնվի այս միջադեպի մասին, որ իրավապահները ծածկադմփոց չանեն, տուժածներին քաշքշելու փոխարեն զբաղվեն հանցագործներով»,- ասել էր ահազանգած քաղաքացին։
ՆԳՆ-ից հաստատել էին միջադեպի փաստը․ «Սարուխան բնակավայրում ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն ստացվել է, որը փոխանցվել է քննչականին»։