Պետականամետության դիմակի հետևում․ ինչու է աղմկում Ստելլա Սարուխանյանը

Աննա Հակոբյանի օգնական  Ստելլա Սարուխանյանը, ով  մշտապես ներկայանում է որպես պետականամետ դիրքորոշում ունեցող անձ, ապա պաշտպանության նախարարության հասցեին նրա հնչեցրած կոշտ, ընդհանրական և չհիմնավորված որակումներով առնվազն հակասում է ինքն իրեն։ Պետականամետությունը միայն սեփական պատկերացումների, սկզբունքների կամ քաղաքական թիմի նկատմամբ հավատարմության մասին հայտարարություններ անելը չէ․ այն նաև պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք է, հատկապես երբ խոսքը երկրի պաշտպանական համակարգի մասին է։ Ստելլա Սարուխանյանի՝ ՊՆ-ի հասցեին հնչեցրած «բարդակ» որակումը, անկախ նրանից, թե ինչ անձնական խնդիր կամ դժգոհություն է դրա հիմքում, չի կարող դիտարկվել միայն որպես անհատի հուզական արձագանք։ Երբ նման բառապաշար օգտագործում է հանրային դիրք ունեցող, իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապ ունեցող անձը, խոսքը դառնում է նաև քաղաքական և հանրային պատասխանատվության հարց։

Իհարկե, որևէ պետական կառույց քննադատությունից զերծ չէ, և խնդիրների բարձրաձայնումը ոչ միայն ընդունելի է, այլև անհրաժեշտ։ Սակայն քննադատության և պետական ինստիտուտի նկատմամբ անհարգալից ընդհանրական վերաբերմունքի միջև տարբերություն կա։ Խնդիր մատնանշելը մեկ բան է, իսկ ամբողջ կառույցը մեկ բառով արժեզրկելը՝ մեկ այլ։

 Հատկապես տարօրինակ է, երբ պետականամետության մասին խոսող մարդիկ պետական ինստիտուտների վերաբերյալ նման ձևակերպումներ են օգտագործում՝ առանց հաշվի առնելու, թե այդ խոսքն ինչ հանրային ընկալում է ձևավորում։ Պետականամետությունը չի կարող լինել ընտրովի․ այն չի կարող մի դեպքում պահանջել հարգանք պետության, բանակի ու պետական խորհրդանիշների նկատմամբ, իսկ մյուս դեպքում՝ սեփական դժգոհության պահին անտեսել նույն պատասխանատվության սկզբունքը։ Ստելլա Սարուխանյանի այս հայտարարությունը, հետևաբար, ոչ միայն ՊՆ-ի աշխատանքի վերաբերյալ նրա դժգոհությունն է, այլև պետականամետության մասին նրա պատկերացումների հետևողականության հարցը։ Եթե պետական կառույցների նկատմամբ հարգանքը սկզբունք է, ապա այդ սկզբունքը պետք է գործի նաև դժգոհության, վեճի և անձնական խնդիրների պայմաններում։

Պաշտպանական գերատեսչությունն իհարկե հանգամանալից անդրադարձել է տիկնոջ հուզախառն գրառմանը, որը ապագա զինվորի մայրը ևս անպատասխան չի թողել, հերթական գրառումն անելով, և այն «վերնագրելով» «սուտ խոսելը նորաձև է»։ Առնվազն տարակուսելի է, որ  կրթական արշավների ջահակակիրը քննադատության հիմքում նաև մի ամբողջ գերատեսչության ճշմարտացիության հարցն է կասկածի տակ դնում, չնայած, գուցե դա էլ ունի իր պատճառները։ Ի վերջո ջահակակիր տիկնոջ գլխին ոչ վաղ անցյալում ջահ էր ընկել։

Ի դեպ «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվ քարոզչին չէր խանգարի, գոնե ուշադիր լինել նաև սեփական գրառումների բովանդակությանը, որոնք մեղմ ասած այդքան էլ գրագետ չեն շարադրված։

Irakanum.am

Leave a comment