Արսենը կարգին մարդ էր, իսկական ընկեր, ազնիվ ու հայրենասեր. Ստեփանավանում հրաժեշտ տվեցին ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանին

Արսենը կարգին մարդ էր, իսկական ընկեր, ազնիվ ու հայրենասեր։ Այսպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանին բնութագրում «Ուժեղ հայաստան» կուսակցության նրա գործընկերները։

Հիշեցնենք, որ Ա. Գոևգյանին կալանավորեցին Ստեփանավանի ավագանու ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 21-ին։ Նրան պահում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը հանկարծամահ է եղել։ Այսօր հայրենի քաղաքում ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու գործընկերները վերջին հրաժեշտը տվեցին 46-ամյա գործիչին։

«Արսենը կարգին տղա էր, հիանալի ընկեր էր, շատ նվիրված մարդ էր թե իր ընտանիքին, կուսակցությանը, ընկերներին։ Նա զոհ դարձավ այս համակարգին, բռնաճնշումներին»,-ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Մնացականյանը։

ԱԺ պատգամավոր Անուշ Միրզոյանը ցավով է նշում, որ Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հետ հանդիպման առիթը պետք է լիներ փոփոխությունների քննարկումը։

«Մեզ համար անսպասելի ու ծանր կորուստ է։ Նա քաղբանտարկյալ էր, ով մահացավ բանտում։ Նրա կյանքը հնարավոր էր փրկել, ինչը չի արվել։ Մեր գործընկերոջ մահվան պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը»,-նշում է նա ու ավելացնում, որ Ստեփանավանի հետ կապված Գևորգյանի նպատակներն իրենք իրականացնելու են։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Ա. Գևորգյանին մի քանի ամիս է՝ ճանաչում է։

«Այն արշավը, որ սկսեց կարված, շինծու քրեական գործի շրջանակում, իր ազդեցությունը բնականաբար ունեցավ։ Իրավապահ համակարգը դարձրել են մահակ ընդդիմադիրների դեմ պայքարում, և Արսենի հետ տեղի ունեցածը ևս այդ շրջանակում է»,-ասաց նա։

ԱԺ պատգամավոր Իրինա Յոլյանը պնդեց՝ իրենց պայքարի ընկերոջը տարան բանտ ու հասցրեցին մահվան։

«Մեր պայքարի ընկերը կարող էր երկար ապրել, նա առողջ էր, որևէ հանգատ չուներ, տարան բանտ ու հասցրեցին մահվան։ Եթե այս իշխանությունները իրենց միլիոնավոր պարգևավճրներ տալու փոխարեն գոնե մի հերթապահող բժիշկ պահեին, այս իրավիճակը չէր լիներ։ Ցավոք, մենք տեսնում ենք զրո պատասխանատվություն ու կարեկցանք մարդկանց կյանքերի ու ճակատագրերի նկատմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների համար Սրբուհի Գալյանը մեղադրում է նախկիններին՝ մոռանալով, որ արդեն 9 տարի իրենք են իշխանության։

Leave a comment