ՔԿԾ․ Համակարգն ամեն ինչ արել է Արսեն Գևորգյանի մшհը կանխելու համար

Համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը:

«Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», – ասել է Ծովինար Թադևոսյանը:

Օրերս «Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է իրականացվում: Ըստ Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել, հասել է 16 րոպեի ընթացքում:

Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը պնդում է, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:

Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը: Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Բացի դա, կան հատուկ ընթացակարգեր հատուկ, իրենք էլ ըստ դրա են գործել:

«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Այնուհետև, գնահատումից հետո, եթե անհրաժեշտություն է լինում, բժշկի կամ բուժակի արձագանքից հետո կանչում են շտապօգնություն», – ասել է Քրեակատարողական ծառայության պետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։

NEWS.am

Leave a comment