Եվրոպան կմասնակցի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններին. Մերց

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում՝ Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում առաջին անգամ տեղի կունենան Ուկրաինայի շուրջ բովանդակային խաղաղ բանակցություններ՝ եվրոպական կողմի մասնակցությամբ»,- ասել է Մերցը Դուբլինում՝  Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Գերմանիայի կանցլերը նշել է, թե ճիշտ կլինի՝ բանակցություններին մասնակցի Եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։

Ըստ Մերցի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կա, սակայն հակամարտության լուծման մասին խոսելը դեռ վաղ է։  

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նույնպես ակնարկել էին, որ Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։

 

Leave a comment