Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա

Քաղաքականություն

11.11.2026 | 11:00

Նոյեմբերի լույս 11-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի վրա, որտեղ խոցվել է 150 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ հարձակման թիրախը Ուստ-Լուգա նավահանգստային գոտին է եղել։ Մի քանի անօդաչուի հարվածների հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել, տուժել է նավահանգստի երեք աշխատակից։ Բացի այդ, Ուստ-Լուգայում տեղի է ունեցել տրանսֆորմատորային ենթակայանի վթարային անջատում։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով փակվել է նաև Պուլկովո օդանավակայանը։ Ստամբուլից և Հուրգադայից Սանկտ Պետերբուրգ մեկնող ուղևորատար ինքնաթիռները վայրէջք են կատարել Հելսինկիում։ Առավոտյան Պուլկովոյից մեկնող 30 չվերթ հետաձգվել է։

ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել նաև Սմոլենսկի մարզը։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 37 անօդաչու սարք, հայտնել է մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը։ Յարցևո քաղաքում դրանց «բեկորներն» ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ զոհվել է։ Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է այրվում բնակելի շենքի բնակարաններից մեկը։

Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Լենինգրադի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման ընթացքում Լատվիայի մի քանի շրջաններում և Լիտվայում նախազգուշացումներ են հայտարարվել օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment