«Ուժեղ Հայաստանի» նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից հղած ցավակցական ուղերձում հայտարարել է, որ ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է անկախ և անաչառ քննվեն։
Նոյմեբերի 10-ի վաղ առավոտյան կալանավայրում սրտամկանի ինֆարկտից մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը:
«Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:
Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից»,– ասված է ուղերձում։
Նա նշել է, որ տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։
«Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն: Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»,– ասվում է Սամվել Կարապետյանի ուղերձում:
Հավելենք, որ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ «ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»:
«Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։
Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։
Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։
Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։
Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։
Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։
Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը: