«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը պնդում է, որ կալանավայրում նրա ինքնազգացողության վատթարացումից հետո պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկներին թույլ է տրվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահից հետո։
Փաստաբանների հայտարարության համաձայն՝ Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։ Նրանց պնդմամբ՝ շտապօգնությունը ժամանակին չի կանչվել, և չի ապահովվել անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը։
Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ ստորև․
«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր:
Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների.
1/Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թէ բժիշկ է նրան զննել,այլբուժակ:
2/Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:
3/Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:
Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն։
Հետևողական ենք լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու, 46-ամյա Արսեն Գևորգյանը։
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո հրավիրվել է հերթապահ բուժակը, որը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի անձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է նրա մահը։ ՔԿԾ-ն նաև հայտնել է, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ արձանագրվել է սրտի կանգ։ Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր նրան երկու ամսով կալանավորել։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Գևորգյանը չէր ընդունում մեղադրանքը։
Գործի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակել էր քաղաքական ճնշում՝ այն կապելով ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուին մրցակցությունից դուրս մղելու փորձի հետ։