«Նայում եմ ձեր հայտարարագիրը՝ նախարարը բարեկեցիկ կյանքով է ապրում, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել»․ Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին

«Մենք հնարավորություն չունեցանք հասկանալու, թե ինչո՞ւ է ձեր նախարարության անվան սոցիալական եզրույթը փոխարինվել բարեկեցություն եզրույթով, որովհետև մեզ մոտ աղքատության ցուցանիշն ավելի վատացել է։ Բայց բարեկեցությունը ոնց որ ձեզ անձամբ է վերաբերում՝ նայում եմ ձեր գույքի ու եկամուտների հայտարարագիրը, 2020 թվականին հողամաս Ծաղկաձորում, 2024 թվին դրա վրա հայտնվում է առանձնատուն։ 2022 թվին այդ թվի արտադրության «Տեսլա», Միբս ընկերությունում 2022 թվականին 10 տոկոս բաժնեմաս, և ընկերությունն առողջապահության նախարարության հետ կնքել է 337 մլն դրամի պայմանագիր։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այս բարեկեցությունը դուք զգացել եք, նախարարը բարեկեցիկ կյանքով է ապրում, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ Էդգար Ղազարյանն իր հայտարարագրի եկամուտների հատվածը չի ուսումնասիրել։ «Երբ գույք է առաջանում, դա բխում է օրինական եկամուտների, հետևաբար, հայտարարագրվում է։ Եթե ուսումնասիրեք, կամաչեիք այս հարցը տալ, որովհետև մեկը մեկին բռնում է։ Լավ կլիներ ուսումնասիրեիք 2018 թվին իմ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը և կհասկանայիք՝ իմ բարեկեցությունը նախարար դառնալուց հետո անհամաչափորեն ավելացել է, թե՞ չի ավելացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Թորոսյանի խոսքով՝ նախարարության անունը փոխվել է տենդենցներին համահունչ։ «Մենք ոչ թե դառնում ենք ռեակտիվ, երբ պետք է սոցիալական հարցն առաջանա, և մենք ռեակտիվորեն արձագանքենք, այլ փորձում ենք լինել պրոակտիվ և մեր քաղաքականության մեջ դնել նաեև բարեկեցության կոմպոնենտը»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment