Որքա՞ն է արժենում վարչապետի մեկ օրվա կյանքը․ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց Լիլիթ Մակունցից

Պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետը բնակվում է Կոնդի ամառանոցային տնտեսությունում: Ինքը մեր հանրությանը ներկայացնում է բազմաթիվ տեսանյութեր իր կյանքի կենցաղավարության մասին, որից կարելի է տպավորություն ստանալ, որ շատ համեստ կյանքով է ապրում՝ «կուկուռուզ, պեռաշկի», թթու, լավ, շատ համեստ: Կասե՞ք՝ Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան ինչքա՞ն գումար է ծախսվում, և կոնկրետ 2026-ին ինչքա՞ն է եղել, 2027-ին ինչքա՞ն գումար է, որպեսզի մենք իմանանք, թե ինչ արժի վարչապետի մեկ օրվա կյանքը Հայաստանի քաղաքացիների վրա»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա էլի հարցեր ուներ. «Վարչապետը իր մասնակցությամբ հիմնադրել է մի հատ վոկալ-գործիքային համույթ՝ «Վարչաբենդ», որով որ համերգներ են կազմակերպվել: Ես ուզում եմ իմանալ՝ այդ միջոցները վարչապետի աշխատակազմի՞ց են ծախսվել, թե՞ չէ, դրանք ի՞նչ հիմնավորումներ ունեն, այդ համույթի անդամները հոնորարներ ստացե՞լ են, թե՞ չէ, և ինձ հետաքրքիր է հատկապես թմբկահարի հոնորարի գումարը: Երրորդ հարցը. վարչապետը հանդես է գալիս երբեմն սեփական, ոնց ասեմ, նախասիրություններ իրականացնելով, ասենք՝ օրինակ, հեծանվավազքով՝ ժամանակ առ ժամանակ, ոչ կանոնավոր, իհարկե։ Կասե՞ք՝ այդ ինչ-որ, ես նայել եմ տեսանյութերը, խումբ է հավաքվում իր հետ՝ հեծանվորդների ինչ-որ հասարակական կազմակերպություն է, որի ղեկավարը նաև Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է: Հավաքվում են, ու մի անգամ ես նայեցի մամուլում՝ Սևանում երկու օրվա հեծանիվ քշելու վրա միայն սննդի ծախսերը կազմել էին մոտ 5 միլիոն դրամ, որը վարչապետի աշխատակազմից է իրականացվել: Բացվածքը կարո՞ղ եք տալ, օրինակ, 30 մարդը երկու օրում 5 միլիոնի ի՞նչ են կերել: Ինձ շատ է հետաքրքիր այդ բացվածքը: Նաև դուք ասացիք, որ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքով նախատեսված է միայն «Քաղաքացու օր» և «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը (նախ «Մեր ժամանակների հերոսը» դա տոն չի, մեր տոների, հիշատակի օրերի մասին օրենքում այդպիսի տոն չկա), բայց փաստորեն դուք չեք նախատեսում, որ մեր երկրում պիտի Անկախության օր նշվի, Առաջին հանրապետության օր նշվի, Շուշիի ազատագրման օր նշվի, Երկրապահի օր, մայիսի 8՝ Հաղթանակի և խաղաղության տոն, դրանց ուղղությամբ ոչինչ չեք նախատեսում»։

«Այդ երկու միջոցառումները նշված են որպես տոների և հիշատակի օրերի մասին այն միջոցառումները, որոնք իրականացվելու են վարչապետի աշխատակազմի կողմից: Ինչ վերաբերում է պետական տոներին, ապա, ինչպես յուրաքանչյուր տարի, մեր պետությունում անցկացվելու են այդ միջոցառումները համապատասխան գերատեսչությունների գլխավորությամբ: Հիմնականում, օրինակ, կան միջոցառումներ, որոնք… Եթե մենք խոսում ենք Անկախության օրվա մասին, ամեն տարի սովորաբար դա կազմակերպվում է նախագահի աշխատակազմի կողմից՝ պետական արարողությունը, և նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ու այլ գերատեսչությունների կազմակերպման համապատասխան միջոցառումներ, այսինքն՝ բնականաբար, այդ բոլոր տոները, որոնք սահմանված են, իրականացվելու են: Բոլոր ձեր այն հարցերը, որոնք ենթադրում են բացվածք և կոնկրետ թվեր, ես կխնդրեմ, որ դուք անպայման մեզ հարցում ուղարկեք, մենք սիրով բոլոր հարցերին կպատասխանենք գրավոր»,- եղավ պատասխանը:

«Ես ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել Ազգային ժողով, և պետք է ցանկացած պաշտոնյա իր կարգավիճակին պատասխանատու վերաբերվի: Երբ որ դուք գալիս եք Ազգային ժողով զեկույցի, դուք բոլոր հարցերի պատասխանները թեմայի վերաբերյալ պետք է ունենաք, պետք է նախապես պատրաստվել Ազգային ժողով գալուց առաջ: Այդ մենք գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք և դա կարող ենք անել ցանկացած պահի»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ թեման շարունակեց նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Նրա հարցերին պատասխանելիս Լիլիթ Մակունցը որոշակի թվային տվյալներ ներկայացրեց։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիաննա Մանուկյանը, որոշ թվային տվյալներ հրապարակեց՝ հաստատելով Դավիթ Ղազինյանի տեսակետը․ «Շատ նման ենք այն ընտանիքներին, որոնք բազում ծախսեր ունեն, բայց որոշում են պապայի ծնունդը թանկ ռեստորանում նշել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը շտապեց պաշտպանել Լիլիթ Մակունցին՝ նկատելով, որ նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտմամբ դեպքերով 170 վճիռ է ի վնաս ՀՀ-ի կայացվել եւ 8-10 միլիոն դոլար է բյուջեից վճարվել․ «Պարոն Ղազարյանի հարցերը՝ կարծում եմ, իրան բնորոշ քաղաքական կծմծոցների տրամաբանության մեջ են, որին պետք է ըմբռնումով մոտենաք, տիկին Մակունց: Ես վստահ եմ, որ պարոն Ղազարյանը կերազեր իր տարիքում և իր զբաղված գրաֆիկի պայմաններում ունենալ այդ չափ տաղանդ և աշխատասիրություն, որպեսզի որևէ երաժշտական գործիքի վրա սովորեր նվագել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment