«Առաջարկում եմ, որ COP-17 գագաթաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
ԱԺ-ն հրատապ կարգով արտահերթ նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Էդգար Ղազարյանն այս առիթով ասաց․ «Այս երկիրը, որը բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել, հանդգնել է կազմակերպել միջազգային մի համաժողով, որի վրա ուղղակի միլիոնավոր դոլարների գումարներ են ծախսվում։ Այս հարցերը հանձնաժողովներում չեն քննարկվում, հարցերի համար ժամանակ չի տրամադրվում՝ շըփ-թըփ։ Ոչ մեկ չի ասում՝ «Մերիդիանին» ինչքա՞ն փող է տալիս պետությունը։ Միլիոնավոր դոլարների փող է ծախսված «Մերիդիանում» ժամանակավոր շինություն կառուցելու համար։ Մի քանի միլիոն դոլարն էլ կորչում է։ Պետությունը միլիոնավոր դոլարների վարկ է վերցնում, որ մի քանի շաբաթում լրիվ աննպատակ ծախսվի։ Այս համաձայնագրի վավերացման գործընթացը կառավարության թափթփվածության կենդանի հուշարձան է։ 2025-ին ստորագրված փաստաթուղթն ինչո՞ւ է 2026-ի հոկտեմբերին տարվում ԱԺ»։
Նաև մտահոգություն հայտնեց, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է ներառվել, որոնք չեն քննարկվել ԱԺ գլխադասային հանձնաժողովներում․ «Կանոնակարգն ասում է՝ դա պետք է լինի բացառիկ դեպքում, ուզում եմ հասկանալ՝ սրա բացառիկությունը ո՞րն է»։ Նաև ահազանգեց․ «COP17-ը որոշված է, օրերը հայտարարված են, եթե մենք այս համաձայնագիրը քաղաքական որոշմամբ չընդունենք, ինչ է՝ COP17-ը չի կազմակերպվո՞ւմ»։
ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը պարզաբանեց․ «Համաձայնագիրը նաև նախատեսում է ֆինանսական պարտավորություններ ՀՀ-ի համար, ուստի ենթակա է ԱԺ կողմից վավերացման և ՍԴ կողմից սահմանադրականության որոշման»։
Էդգար Ղազարյան էլ նկատեց՝ ասում եք համաձայնագիրը ֆինանսական պարտավորություններ է առաջացնում ու նշեց․ «Նայե՞լ եք ֆինանսների նախարարության տեղեկանքը, որտեղ ասվում է, որ պետության առաջ ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Այդ հակասությունը ո՞նց եք ներկայացնում։ Այս համաձայնագրում գրված է, որ COP17-ի քարտուղարության փողը 9 ամիս առաջ պետք է փոխանցած լինեիք, բա էդ փողը չեք փոխանցե՞լ, նոր եք հիշե՞լ այդ համաձայնագրի մասին, 2024-ին է որոշվել, որ ՀՀ-ում պետք է COP17-ը անցկացվի»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան այն մտահոգության, թե առանց գլխադասային հանձնաժողովի նիստ գումարելու են հարցերը ներառվել օրակարգ, այսպես արձագանքեց․ «Եթե բաց հարցեր կան, գրեք, դիմեք կպարզաբանեմ։ Օրինակ՝ վերջերս դիմում էիք գրել, սիրով տրամադրել եմ չվճարվող արձակուրդ։ Ձեր դիմումներին սիրով ընդառաջում եմ։ ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետում կտեսնեք արտահերթ նիստի գումարման պայմանները, այն դեպքերն են ներկայացված, երբ առանց գլխադասային հանձնաժողովի է տեղի ունենում, կտեսնեք, որ վարչապետը ԱԺ նախագահից բանավոր համաձայնություն է ստանում, այդ դեպքերում և այլն։ Հրատապության հարց կար»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: