Փաշինյան․ Անդամակցելու ցանկությունը բավարար չէ, ԵՄ-ն պետք է ընդլայնման որոշում կայացնի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France Internationale-ին տված հարցազրույցում անդրադարձել է երկրի եվրոպական ինտեգրման հեռանկարներին՝ ընդգծելով, որ Եվրամիությանն անդամակցությունը դիտարկվող տարբերակներից մեկն է, սակայն ԵՄ-ն ինքը պետք է ընդլայնման որոշում կայացնի։

«Անդամագրվելու ցանկություն ունեցող կամ նման հարց քննարկող երկրի ցանկությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար։ Այսօր էլ ԵՄ-ում կան կարծիքներ՝ արդյոք պետք է ընդլայնվի Եվրամիությունը, թե ոչ։ Հետևաբար հարցերի պատասխանը կախված է նաև դրանից»,- նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն այլընտրանքներ ստեղծելն է։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ապրել է պայմաններում, երբ արտաքին միջավայրում մեծ այլընտրանքներ չի ունեցել։

«Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակադրումը հետևյալն է՝ Հայաստանը կմնա՞ ԵԱՏՄ անդամ, կդառնա՞ ԵՄ անդամ, թե՞ չի լինի ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ, ամեն դեպքում մենք ՀՀ-ն բարեփոխելու ենք ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն արժանի լինի դառնալու ԵՄ անդամ, ապա կրկին երկու հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանո՞ւմ է մեզ ընդունել, և արդյոք ՀՀ ժողովուրդը քվեարկո՞ւմ է այդ տրամաբանության օգտին»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը, գրում է Auroranews.am-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, նա հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին կողմերը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթն ուղղված է հայկական և եվրոպական համակարգերի մերձեցմանը, ինչպես նաև եվրոպական չափանիշների ներդրմանը։

«2018 թվականից հետո մենք շարունակել ենք մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ 2025 թվականին նույնիսկ ընդունվեց օրենք Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքն ընդունվեց քաղաքացիական նախաձեռնությամբ»,- նշել է վարչապետը։

Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքը։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել են Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՀ ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Leave a comment