Գերմանիան կտրուկ բարձրացրել է 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ հասցնելով այն 1.3%-ի

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը զգալիորեն բարձրացրել է 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի սպասվածից ավելի բարձր աճի տեմպերի ֆոնին։

Արտահանման մեծ ծավալները, ինչպես նաև պետական ծախսերի ավելացումը թույլ են տվել մեղմել սպառողական ակտիվության թուլության բացասական ազդեցությունը տնտեսության վրա։

Նոր կանխատեսման համաձայն՝ Գերմանիայի ՀՆԱ-ն 2026 թվականին կաճի 1.3%-ով, իսկ 2027 թվականին՝ 1.1%-ով։ Ապրիլին հրապարակված նախորդ կանխատեսումներով՝ աճը համապատասխանաբար կազմելու էր 0.5% և 0.9%։

ՀՆԱ-ի 1.3% աճը կլինի ամենաբարձր ցուցանիշը՝ 2017 թվականից ի վեր։

«Գերմանիայի տնտեսությունը վերադարձել է աճի ուղի և սպասվածից ավելի դիմակայուն է եղել։ Տնտեսության հետագա զարգացումը հիմնականում կախված կլինի Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների ընթացքից», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարությունը։

Գերատեսչության ակնկալիքով՝ այս տարի տնտեսական աճին լրացուցիչ խթան կհաղորդի արտաքին առևտուրը։ Ակնկալվում է նաև, որ փոխառությունների հաշվին ֆինանսավորվող պետական ծախսերը ենթակառուցվածքների և պաշտպանության ոլորտներում առաջիկա տարիներին կշարունակեն աջակցել տնտեսությանը։

Միևնույն ժամանակ, գների աճի պատճառով սպառողական ակտիվությունը, հավանաբար, կմնա զսպված, իսկ մասնավոր ներդրումները կվերականգնվեն միայն աստիճանաբար։

Գերատեսչության՝ 2028 թվականի կանխատեսմամբ՝ Գերմանիայի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի մինչև 0.6%։

Leave a comment