«Մենք լիահույս ենք, որ հայ ժողովուրդը, անկախ իրենց հավատքից, համարժեք գիտակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորությունը մեր Երկրի կյանքում, ուստի չեն տրվի էժանագին ու վտանգավոր սադրանքների». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԳՀԽ աշխարհիկ անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
-Խորհրդարանում քննիչ հանձնաժողով ձևավորվեց, իհարկե, բացառապես իշխող ուժի ներկայացուցիչների քվեարկությամբ, որը զբաղվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությամբ։ Եթե ավելի հանրամատչելի ձեւակերպենք, իշխող ուժը խորհրդարանի մակարդակի՝ ավելի պաշտոնական հարթության բերեց ՀԱՍԵ դեմ սկսած իր արշավը։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Իրավական հանրահայտ դոկտրինի համաձայն՝ «Թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» (Fruit of the poisonous tree), և ձեր նկարագրած դեպքը բացառություն չէ։ Ի սկզբանե իշխանությունները Հայ Եկեղեցու դեմ արշավ ծավալելով, արդեն իսկ իրենց անխուսափելիորեն դատապարտել են միմյանց հաջորդող հակասահմանադրական քայլերի։ Սկզբում հերքում էին, թե պետական իշխանությունն այս համատեքստում ոչ մի առնչություն չունի, որ սա իբր սոսկ հավատավոր քաղաքացիների կեցվածք է, սակայն երբ ընկալեցին, որ չեն կարող անգամ նվազագույն չափով հասնել իրենց նկրտումներին՝ առանց պետաիշխանական լծակների, անցան էլ ավելի կոպտագույն ապօրինությունների՝ համատարած անհիմն քրեական հետապնդումների, ծիսակատարություններին միջամտությունների (ընդհուպ՝ փորձում են գրաքննել պատարագներում հնչող քարոզները), Կառավարության նախընտրական ծրագրի, իշխանական որևէ լիազորությամբ չօժտված կազմակերպության կողմից հակաեկեղեցական գործունեության զեկույց հրապարակելուն և այն իբրև ուղենիշ ընդունելուն և այլն։
Ավելի քան տրամաբանական էր, որ հաջորդ քայլը կլիներ էլ ավելի հակասահմանադրական մի ինչ-֊որ տարօրինակ, միջազգային փորձում իր նախադեպը չունեցող նախաձեռնություն, որպիսին եղավ քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Զավեշտն այն է, որ Սահմանադրության համաձայն (108-֊րդ հոդված), Ազգային ժողովը, որպես գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն ունեցող սահմանադրական մարմին, կոչված է բացառապես իր նախաձեռնությամբ ստեղծելու այնպիսի քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գործադիր իշխանության գործունեությանն առնչվող, ըստ այդմ էլ՝ իր իրավասության մեջ մտնող և հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցեր, մինչդեռ՝ այս դեպքում գործադիր իշխանությունն ինքն է թելադրում, թե ինչպիսի քննիչ հանձնաժողով ստեղծվի և ինչով զբաղվի։
Նկատենք, որ խնդիրը սոսկ Հայ Եկեղեցու սահմանադրական ինքնավարությունը չէ, խնդիրը յուրաքանչյուր հավատացյալի խղճի և դավանանքի իրավունքի ազատության կոպտագույն ոտնահարումն է։ Մասնավորապես, եթե դուք հավատացյալին պարտադրում եք աշխարհիկ իշխանության քիմքին համահունչ քարոզներ և կանոնադրական կարգավորումներ, ապա դուք նրան պարզապես պարտադրում եք աղանդավորություն։
-Իշխող ուժի պատգամավորն անգամ ԵԽԽՎ ամբիոնից չզլացավ վատաբանել ՀԱԵՆ-ն եւ, հատուկ թիրախավորեց Նոր Նախիջեւանի եւ ՌԴ թեմի առաջնորդին, ով Վեհափառի եղբայրն է։
-Դե սա ընդամենը մի ամոթալի, բայց, ցավոք, անհարկի լայն տարածում գտած երևույթ է՝ անգամ չեն խորշում միջազգային հարթակներում հնչեցնել անպատասխանատու, ըստ էության, վարկաբեկիչ ու սոսկ սեփական քարոզչամեքենայի արտադրանքը։ Ուրիշ ինչ անուն տալ, երբ իրենք քաջատեղյակ լինելով, որ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հենց իրենք են նախաձեռնել ապօրինի քրեական հետապնդումներ, բայց միամիտ կեցվածքով խոսում են դրա՝ իբրև օբյեկտիվ իրողության մասին, էլ չեմ խոսում կեղծ փաստաթղթերը իբրև ապացուցված փաստ հրամցնելու դեպքերի մասին։ Էլ ավելի մտահոգիչ է, երբ դա անում են բարձրակարգ ուսումնական հաստատություններում գիտելիք ու փորձ ձեռք բերած երիտասարդները։ Այնուամենայնիվ, կհորդորեի լինել ավելի շրջահայաց, գիտակցել, որ այսպիսի իբր անմեղ դրվագների համար հետո ողջ ժողովուրդն է շատ մեծ գին վճարելու, որ արդյունքում նաև իրենք են դառնալու առավել խոցելի ու թույլ։
Բացի այդ, միջազգային կառույցներում համեմատաբար քաջատեղյակ են հակաեկեղեցական արշավներից, և պատահական չէ, որ արդեն հենց իրենք են հանդես գալիս Հայ Եկեղեցու պաշտպանության դիրքերից։ Վերջին հաշվով, այն թեզերը, որոնց համար թիրախավորվել է Հայ Եկեղեցու Հոգևոր առաջնորդը, գրեթե նույնությամբ հնչում են հենց այդ կառույցների կողմից, հիշենք, օրինակ՝ ս.թ. ապրիլին Եվրոպայի խորհրդարանի բանաձևը և այլն։
-Ակնհայտ է, որ այս անգամ ՔՊ-ն՝ ՀԱՍԵ դեմ իր արշավանքը շարունակելու է ավելի լայն դաշտում և ձգտելու է հասնել հաղթանակի. ո՞րն է լինելու ՀԱՍԵ անելիքը, ո՞րն է լինելու հասարակության առողջ հատվածի անելիքը, չեմ ուզում տարբերակել քաղաքական ուժերին, քանի որ խնդիրն ավելի լայն դիտարկման համատեքստում է։
-Այս հարցը շատ են տալիս՝ թե ի՞նչ է պատրաստվում անել Հայ Եկեղեցին։ Թող զարմանալի չթվա, բայց Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից և զբաղվել հակադարձումներով և պաշտպանվելով։ Փառք Աստծո, մեր ժողովուրդը հասուն է, հեռատես և բավարար չափով գիտակից, որպեսզի թույլ չտա իր Մայր Աթոռի, իր հավատքի հիմնասյունի կազմաքանդումը։ Իմ այս հարցազրույցն էլ կխնդրեի չդիտարկել իբրև անհանգստության և, ըստ այդմ էլ՝ հակաեկեղեցական արշավին հակազդելու դրսևորում։
Ցավալին այն է, որ մենք իսպառ անտեսում ենք մեր մեծ սփյուռքի արժեքը, չեն գիտակցում այդ հզուր ուժի անհրաժեշտությունը՝ Երկրի առջև ծառացած սպառնալիքների հաղթահարման տեսանկյունից։ Ամենախոցելին այն է, որ անտեսում ենք, որ անգամ Հայ Եկեղեցու հարցը բնավ Հայաստանի Հանրապետության բնակչությամբ չի սահմանափակվում, որ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդն ընտրվում է համայն հայության բոլոր կրոնական կառույցների պարտադիր ներգրավմամբ, և համարվում է Օծյալ։ Դուք կարող եք անգամ ընտրվել Հայաստանի ընտրական ձայն ունեցող քաղաքացիների 100 տոկոս քվեով, սակայն դուք չունեք իրավասություն այն հոգևոր կառույցի նկատմամբ, որն ընտրվել է ողջ հայության կողմից և ներկայացնում է նրանց հավաքական կազմով։ Հակառակ պարագայում, այո, դուք, ժխտում եք սփյուռքի անգամ նվազագույն իրավական կարգավիճակը, ուստի պատահական չէ, որ ելակետ եք ընդունում այն ապազգային թեզը, ըստ որի՝ եթե սփյուռքը ուժեղ է, ապա Հայաստանի Հանրապետությունը թույլ է։
Ամփոփելով, նկատեմ, որ մենք լիահույս ենք, որ հայ ժողովուրդը, անկախ իրենց հավատքից, համարժեք գիտակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորությունը մեր Երկրի կյանքում, ուստի չեն տրվի էժանագին ու վտանգավոր սադրանքների։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: