Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
Դեպքի քննության նպատակով ձևավորվել է քննչական խումբ։
«Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Ավելի վաղ ՀԷՑ-ը հայտնել էր, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղակայված «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված հրդեհի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։ Հրդեհը մարվել է հրդեհը ժամը 21:10-ին:
Հոսանքազրկվել էին Պուշկինի փողոցը, Եկմալյան փողոցը, Տերյան փողոցը, Պապ թագավոր փողոցը, Սարյան փողոցը, Բուզանդի փողոցը, Փարպեցու փողոցը, Ֆրիկի փողոցը, Թումանյանի փողոցը, Արամի փողոցը, Հյուսիսային պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Քըրք Քըրքորյան փողոցը և Մոնթե Մելքոնյան փողոցը։