«Ամեն ինչ հանուն համայնքի»․ Թե ինչպես է «ՔՊ» պատգամավորի եղբայրը ավտոմեքենան 2 մլն դրամով վարձակալությամբ հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը «հիանալի» բացատրություն է գտել այն փաստին, թե ինչպես է իր եղբայրը 300 հազար դրամանոց ավտոմեքենան 2 միլիոն դրամով վարձակալությամբ հանձնել։

Այսօր Ազգային ժողովի միջանցքներում պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին՝ պատգամավորն առանց կաշկանդվելու հայտարարեց, թե օրական վարձակալության վճարը կազմում է «ընդամենը» 5 հազար դրամ, ինչը, օրինակ, տաքսիի ծառայությունից շատ ավելի էժան է։ Համբարձումյանի խոսքով՝ հայտարարվել է բաց մրցույթ, որին յուրաքանչյուրը կարող էր մասնակցել, և եթե գտնվի մեկը, ով պատրաստ է մեքենան մեկ տարով վարձակալության տալ, եղբայրը պատրաստ է զիջել։

Ժողովրդի ընտրյալը պնդում է, թե եղբայրը գործել է «հանուն համայնքի, հանուն դպրոցի», երբ 300 հազար դրամ արժողությամբ մեքենան մեկ տարով վարձակալության է հանձնել գրեթե 2 միլիոն դրամով։ Համբարձումյանը վստահեցրեց, որ գործարքի մասին իմացել է միայն երեկ լրատվամիջոցներից, իսկ ավելի ուշ եղբոր հետ զրուցելիս պարզել է, որ մեքենան գնելուց հետո այն աշխատանքային վիճակի բերելու համար ծախսվել է նույնքան գումար։ Հարցին, թե արդյոք ստացվում է, որ անհավանական գումարով վարձակալության է հանձնվել հնամաշ մեքենա, Համբարձումյանն անպատասխան թողեց, փոխարենը լրատվամիջոցներին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ և պնդեց, որ վարձակալության օրական գումարը չի գերազանցում 5 հազար դրամը, ինչը, պատգամավորի կարծիքով, բավականին փոքր գումար է։

Նախօրեին «Հետք» պարբերականը հոդված էր հրապարակել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար ավտոմեքենայի վարձակալության ուշագրավ մանրամասների մասին։ Այնտեղ «երկարատև քննարկումներից» հետո որոշել են մրցույթ հայտարարել և վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Դա պետք է լիներ 101–116 ձիաուժ հզորությամբ, գազով և բենզինով աշխատող քառատեղ մեքենա։ Պարբերականի տվյալներով՝ Տիգրան Համբարձումյանը (պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրը) 116 ձիաուժ հզորությամբ 1998 թ. «Opel»-ը գնել է 2025 թվականին 300 000 դրամով։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միայն Տիգրան Համբարձումյանը, որի հետ էլ կնքվել է 1 միլիոն 990 հազար դրամի պայմանագիր։

ՊՈԱԿ-ի կողմից 2022-2026 թվականներին հայտարարված մրցույթներում հաղթում է միևնույն «Opel Astra»-ն։ Մինչև 2025 թվականը այն պատկանել է Արման Իվանյանին, որի հետ էլ կնքվել են պայմանագրերը։ 2025 և 2026 թվականներին, երբ Արման Իվանյանը մեքենան վաճառել է Տիգրան Համբարձումյանին, պայմանագրերը սկսել են կնքել Համբարձումյանի հետ։ Հետաքրքիր է նաև, որ թեև 2022–2026 թվականներին ՊՈԱԿ-ը վարձակալել է միևնույն մեքենան, դրա գինը տարեցտարի փոխվել է։ 2022 թվականին մեքենան Արման Իվանյանից վարձակալվել է 695 000 դրամով, 2023 թվականին՝ 1 միլիոն 595 հազար դրամով, 2024 թվականին՝ 1 միլիոն 740 հազար դրամով։ 2025 թվականին՝ Տիգրան Համբարձումյանի կողմից մեքենան գնելուց մեկ ամիս անց, նրա հետ կնքվում է 1 միլիոն 540 հազար դրամի պայմանագիր, իսկ այս տարի վարձակալության գինը կազմել է 1 միլիոն 990 հազար դրամ։

«Այսպիսով, Համբարձումյանը 300 000 դրամով գնված ավտոմեքենան մեկ տարով վարձակալության է հանձնել դրա արժեքից ավելի քան 6 անգամ բարձր գնով»,— նշում է լրատվամիջոցը։

NEWS.am

Leave a comment