«Մսխվել է պետական բյուջեն»․ փորձաքննության ենթարկված զենքերը կապ չունեն ո՛չ Բագրատ Սրբազանի և ո՛չ էլ գործով անցնող մյուս անձանց հետ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով այսօր ավարտվեց զենքերի փորձաքննական եզրակացությունների ներկայացումը։ Այսօրվա նիստին դատարանը լսեց նաև փորձագետ Հ․ Բաղդասարյանին, որը ջերմային ու քիմիական հետազոտության էր ենթարկել առգրավված զենքերը։

«Քանի որ հանրային մեղադրողները չեն կարողացել պարզել, թե այս փորձաքննություններն ի՞նչ կապ ունեն մեղադրյալների հետ, մենք այս գործով հարցեր չունենք»,-հայտարարեց պաշտպանական կողմը։

Դատարան հրավիրվեց փորձագետ Ուդումյանը։ Նա դատարան եկավ 10 րոպե ուշացումով, ստիպված եղան այդ ընթացքում ընդմիջել դատական նիստը։

Նրան ևս պաշտպանական կողմը հարցեր չուղղեց։

Փորձագետներից դատարան հրավիրեցին Սևակ Դանիելյանին, որը որսորդական ողորկափող հրացան է ուսումնասիրել ու հետևությունների բաժնում հետևություն է արել, որ գործարանային արտադրության է։ Փորձագետը չի կարողացել պարզել արտադրության տարեթիվը։ Նա տեղեկացրեց, որ խուզարկություն է կատարվել Վարդան Ավագյանի տանից, որը Կոտայքի մարզի Արզնի համայնքի բնակիչ է։

«Առգրավված օրինական զենքերը որևէ առնչություն չունեն գործով 18 անդամների հետ, քրեական վարույթում առկա չեն որևէ այլ նյութեր, որոնք թեկուզ հպանցիկ կարող էին հիշատակել կամ կասկած արտահայտել կամ ինչ- ակնարկել այն մասին, որ մեղսագրված գործողությունների շրջանակում, այն է՝ ահաբեկչական ակտ նախապատրաստելու կամ իշխանություն յուրացնելու հարցի շրջանականում որևէ զինատեսակ՝ լինի սառը զենք կամ մարդու վնասվածք պատճառելու պիտանի միջոց, օգտագործելու մասին որևէ խոսք չկա։ Հանրային մեղադրողները չեն կարող ներկայացնել գեթ մեկ ապացույց, որը հղում կտա, որ այս զենքերը կարող են փողկապակցված լինել գործի հետ»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ քննչական կոմիտեն իրականացրել է այնպիսի փորձաքննություններ, որոնք անհրաժեշտ չեն, չի նշանակել այն փորձաքննությունները, որոնք անհրաժեշտ էին։

«Մսխվել է պետական բյուջեն»,- հայտարարեց փաստաբանը։

Քննվեց նաև տնային կալանքի ենթարկված Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջեց ևս երեք ամսով երկարացնել այն։ Փաստաբանները մեկ անգամ ևս հայտարարեցին, որ այս գործն ապօրինի է, ի սկզբանե չեն եղել իրավական հիմքեր կալանքը շարունակելու, մեղադրանքները շաբլոնային են։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երկու ամսով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment