ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը չի դադարեցվել։
Մինչ այդ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։
Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշել է Պողոսյանը։
Փաստաբանը նաև պնդել է, որ այդ իմունիտետը պայմանավորված չի եղել անձի գտնվելու վայրով կամ տվյալ պահին կոնկրետ աշխատանքային գործունեություն իրականացնելու հանգամանքով, քանի որ Խաչատուրովը շարունակել է զբաղեցնել այդ պաշտոնը։
Ներկայացված միջնորդությանը ծանոթանալու նպատակով դատարանն ընդմիջում է հայտարարել։
Նիստը վերսկսելուց հետո դատախազը շեշտել է, որ անձեռնմխելիությունը բացարձակ բնույթ չի կրում և տարածվում է միայն աշխատանքային գործունեության իրականացման ժամանակահատվածի վրա, ինչը, ըստ նրա, Խաչատուրովի դեպքում առկա չի եղել։
Պաշտպանը դատախազի ներկայացրած այդ դիրքորոշման դեմ առարկություն է հայտնել։
2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի հիմքով դադարեցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվել են քրեական հետապնդումից:
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշել է, որ 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Այդ որոշմամբ դատախազությունը հնարավորություն է ստացել վերաորակելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը և վերսկսելու գործի քննությունը։