Արդյո՞ք գլյուտենն այնպիսի մի բաղադրիչ է, որից բոլորը պետք է խուսափեն

Օրերս հյուրընկալել էի մի կնոջ, որի սննդային նախապատվություններին ծանոթ չէի, և ընթրիքի ընթացքում պարզվեց, որ նրան հյուրասիրելու գրեթե ոչինչ չունեմ՝ բանջարեղենային աղցանից ու մրգերից զատ։ Պարզվեց՝ իմ հյուրը նախընտրում է առանց գլյուտենի սննդակարգ, թեև, ինչպես իմացա, նա չունի գլյուտենային անտանելիություն կամ ցելիակիա հիվանդություն։

Այդ պահին ես նման էի համացանցում տարածված կարճ տեսանյութերից մեկի ֆրանսիացի հերոսին, որը, ժամադրության հրավիրելով ամերիկուհուն, մեծ շոկ էր ապրել՝ պարզելով, որ վերջինս հրաժարվում է գինուց ու սպիտակ հացից, նույն ինքը՝ գլյուտենից․ 2 բաղադրիչ, առանց որոնց դժվար է պատկերացնել շարքային ֆրանսիացու կյանքը, ու մի փոքր էլ՝ իմ կյանքը, որի մի զգալի մասը ես ծախսել եմ խմորեղենային փորձարկումների վրա։ Իսկ խմորեղենն առանց գլյուտենի պետք է որ արհեստական բանականությամբ ստեղծված երգի նման լինի․ մի կողմից կարծես թե շատ լավ է, մյուս կողմից՝ ինչ-որ մի բան պակասում է։

Հենց այս մտորումներն էլ առիթ դարձան ձեզ ներկայացնելու National Geographic-ի հոդվածը, որը փորձում է պարզաբանել՝ արդյո՞ք գլյուտենն իսկապես վտանգավոր է առողջության համար։

Վերջին տասնամյակում առանց գլյուտենի սննդակարգի տարածվածությունը կտրուկ աճել է՝ պայմանավորված այն պնդումներով, թե գլյուտենից հրաժարվելը կարող է բարելավել առողջությունը։ Այս միտումը, կարծես, գնալով զարգանալու է․ կանխատեսվում է, որ գլյուտենազերծ սննդամթերքի համաշխարհային շուկայի արժեքը մինչև 2032 թվականը կհասնի 14 միլիարդ դոլարի։

Բայց արդյո՞ք գլյուտենից հրաժարվելն իսկապես լավ գաղափար է։ Թեև որոշ մարդիկ բժշկական նկատառումներով պարտավոր են բացառել այն իրենց սննդակարգից, միլիոնավոր մարդիկ նույնպես նախընտրում են հրաժարվել գլյուտենից՝ առանց դրա անհրաժեշտության հստակ հիմքի։

Ահա թե ինչ է ասում գիտությունը գլյուտենի մասին, ինչու է այն դարձել այդքան հակասական թեմա և ինչպես է փոխվում սննդակարգը, երբ դադարում ենք գլյուտեն օգտագործել։

Ի՞նչ է գլյուտենը, և պե՞տք է արդյոք խուսափել դրանից

Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, տարեկանի և գարու մեջ։ Այն սննդի մեջ  կապակցող նյութի դեր է կատարում՝ հացեղենին տալով կառուցվածք, ազդելով դրա հյուսվածքի և համի վրա։

Չնայած գլյուտենի ոչ այնքան լավ համբավին՝ այն ինքնին անառողջ չէ։ Ավելին, ցորենը, որը գլյուտենի հիմնական աղբյուրներից է, հարուստ է օգտակար սննդանյութերով, պարունակում է սպիտակուց, բջջանյութ, երկաթ և վիտամիններ։

Մարդկանց մեծամասնության համար գլյուտենից հրաժարվելու գիտական հիմնավորում չկա։ Սակայն որոշ մարդիկ իսկապես պետք է խուսափեն գլյուտենից, մասնավորապես ցելիակիա  աուտոիմուն հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց մոտ գլյուտենն առաջացնում է իմունային համակարգի միջնորդավորված ռեակցիա։

Մյուսների մոտ կարող է լինել գլյուտենի նկատմամբ ոչ ցելիակիային զգայունություն՝ վիճակ, որի դեպքում գլյուտենը կարող է առաջացնել մարսողական անհարմարություններ, սակայն ցելիակիային բնորոշ աղիքային վնասում չի առաջացնում։

Միևնույն ժամանակ, ցորենի նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն ցորենից, սակայն պարտադիր չէ, որ բացառեն գլյուտեն պարունակող բոլոր մթերքները։

Գրգռված աղու համախտանիշ ունեցող որոշ մարդիկ նույնպես կարող են նկատել ստամոքսաղիքային ախտանշանների բարելավում գլյուտենազերծ սննդակարգի դեպքում։

Ինչո՞ւ է գլյուտենը այդքան վատ համբավ ձեռք բերել

ԱՄՆ-ում փաթեթավորված սննդամթերքի վրա «առանց գլյուտենի» պիտակները չէին կիրառվում մինչև 2014 թվականը, երբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը սկսեց կարգավորել դրանց օգտագործումը։

Դրանից հետո նույնիսկ այնպիսի ապրանքներ, որոնք ի սկզբանե երբեք գլյուտեն չեն պարունակել՝ օրինակ՝ շշալցված ջուրը կամ կարտոֆիլի չիպսերը, սկսեցին ընդգծել իրենց «առանց գլյուտեն» լինելը։ Սա կարող էր ամրապնդել այն պատկերացումը, թե գլյուտենը մի բան է, որից բոլորը պետք է խուսափեն։

Սա, ըստ էության, սննդի մարքեթինգի կողմնակի ազդեցությունն է։

Ի տարբերություն, օրինակ, «սրտի համար օգտակար» պիտակի՝ «առանց գլյուտենի» մակնշումը չի նշանակում, որ տվյալ սննդամթերքն ավելի առողջարար է։ Այն պարզապես ցույց է տալիս, որ արտադրանքը չի պարունակում տվյալ բաղադրիչը։

Այնուամենայնիվ, արտադրողները ընդլայնեցին շուկան՝ ստեղծելով այն տպավորությունը, թե գլյուտենազերծ սնունդը օգտակար է բոլորի համար, այն դեպքում, երբ աշխարհի բնակչության միայն մոտ 1 տոկոսն ունի ցելիակիա։

Եթե հրաժարվեք գլյուտենից, դա ինչպե՞ս կանդրադառնա սննդակարգի վրա

2023 թվականի ուսումնասիրությունների վերանայումը ցույց է տվել, որ առանց գլյուտենի հացը սովորական հացի համեմատ պարունակում է ավելի քիչ սպիտակուց և ավելի շատ ճարպ։

2024 թվականի մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ գլյուտենազերծ արտադրանքները կարող են պարունակել նաև ավելի շատ շաքար և կալորիաներ։

2021 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ առանց գլյուտենի շատ ապրանքներ պարունակում են ավելի քիչ բջջանյութ և սպիտակուց, բայց ավելի շատ հագեցած ճարպեր, ածխաջրեր և աղ, քան դրանց սովորական համարժեքները։

Իսկ 2015 թվականի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ փաթեթավորված գլյուտենազերծ սննդամթերքը՝ օրինակ՝ հացը, մակարոնեղենը և ալրային խառնուրդները «առողջարար առանձնահատուկ առավելություններ» չունեն։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment