Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի շահերին վնաս պատճառելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։

Սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը, նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ ՍՊ ընկերության, պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը, և կնքվել է 75 մլն դրամ արժեքով պայմանագիր։

Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment