ԱՆ պաշտոնյա․ Գրիպի դեմ պատվաստմամբ տարեկան կանխարգելվում է 26,000 վարակում և 30 մահ

Սեպտեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկել է գրիպի դեմ պատվաստման գործընթացը, հայտարարել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն ասել է, որ իրենց գնահատականներով գրիպի դեմ պատվաստումների շնորհիվ տարեկան կանխարգելվում է վարակման մոտ 26,000 և մահվան 30 դեպք, հայտնում է Panorama.am-ը:

Գրիգորյանը նշել է, որ պատվաստումներ իրականացնող բոլոր բուժհաստատություններն ապահովվել են պատվաստանյութով։ Երևանում նաև տեղակայվել են մի քանի շարժական պատվաստման կետեր, որտեղ նախատեսվում է պատվաստումներ իրականացնել գրիպի, քովիդի, կարմրուկի, «խոզուկի» և պապիլոմա վիրուսների դեմ։ Երեք շարժական կետ գործում է Վերնիսաժի հարակից տարածքում, Հանրապետության հրապարակում և Գայի պողոտայում՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն։

Նա նաև տեղեկացրել է, որ պատվաստումը հնարավոր է ստանալ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, և այն անվճար է։

Սվետլանա Գրիգորյանը նշել է․ «Ներկայում Հայաստանում դեռ չունենք սեզոն, քանի որ սուր շնչառական վարակների համար սեզոնը սկսվում է 40-րդ շաբաթից, որը համընկնում է հոկտեմբերի առաջին շաբաթին, իսկ գրիպի վիրուսի շրջանառությունը ավելի ուշ՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին է գրանցվում»։

Զարուհի Գրիգորյանը նաև անդրադարձել է այս տարի առավել տարածված լինելու հավանականություն ունեցող շտամներին։

«Այս տարի երկու A տիպի՝ H1N1, H3N2 և 1B տիպի շտամերն են գնահատված, որ առավել տարածված են լինելու մեր տարածաշրջանում՝ հյուսիսային կիսագնդում»,-ասել է նա:

Նա նշել է, որ այդ գնահատականի հիման վրա տարածաշրջանի համար թողարկվել են հենց այդ վիրուսների դեմ պատվաստանյութեր։ Այս տարի Հայաստան է ներկրվել պատվաստանյութի 225 հազար դեղաչափ, ինչը վերջին տարիների ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշն է։

Leave a comment